Պատահարներ

Զոդի կամրջի վրա ողբերգական ավտովթարի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

WRed 304 դիտում
Զոդի կամրջի վրա ողբերգական ավտովթարի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ավարտվել է 7 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15-ի սահմաններում. Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի ավտոճանապարհահատվածում, բախվել էին «Տոյոտա Հիլուքս», «ԳԱԶԵԼ» և «Վազ-21063» մակնիշի ավտոմեքենաները. արդյունքում ՝ յոթ  մարդ մահացել էր, ևս չորս մարդու առողջությանը պատճառվել էր միջին ծանրության և ծանր մարմնական վնաս:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ավտոպատահարի մի շարք հանգամանքներ:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի՝ 1956թ. ծնված բնակիչը, վարելով «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենան, խախտել է  ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները և ճանապարհային երթևեկության կանոնները:

 

Այսպես՝ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ընթանալով Երևան-Մեղրի ավտոճանապարհով դեպի Երևան քաղաք, Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի ավտոճանապարհահատվածում իրականացնելով իր վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում, այն է` ավտոմեքենան դուրս բերելով հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս և իրականացնելով ձախակողմյան երթևեկություն, իր վարած ավտոմեքենայով բախվել է այդ ուղեմասով դեպի Երասխ ընթացող «ԳԱԶԵԼ» մակնիշի երթուղային ավտոմեքենային՝ տեխնիկական տեսակետից ստեղծելով վթարային իրադրություն՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից:

Այնուհետև, «ԳԱԶԵԼ» մակնիշի երթուղային ավտոմեքենայի հետնամասին առաջամասով բախվել է «Վազ-21063» մակնիշի ավտոմեքենան և նույն պահին «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի բախման հետևանքով «ԳԱԶԵԼ» մակնիշի երթուղային ավտոմեքենայի շարժիչի տեղամասում գազի համակարգից առաջացած գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել երթուղային ավտոմեքենայում, որը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» և «Վազ-21063» մակնիշի ավտոմեքենաներում՝ անզգուշությամբ առաջացնելով «ԳԱԶԵԼ»-ի վարորդի և 6 ուղևորների մահ, իսկ ևս 4 ուղևորների առողջությանը պատճառվել է միջին ծանրության ծանր մարմնական վնաս:

 

Դատաավտոտեխնիկական և դատահրդեհատեխնիկական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդը թույլ է տվել ՃԵԿ-ի 2-րդ կետի ու «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություն, դրանով իսկ պայմանավորել պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից:

Առաջադրված պայմաններում «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, երթևեկության անվտանգությունն ապահովելու, վթարային իրադրություն չստեղծելու և տվյալ պատահարի առաջացումը բացառելու նպատակով, տեխնիկական տեսակետից պետք է իրականացներ իր վարած ավտոմոբիլի ընթացքի պատշաճ և անվտանգ կառավարում` ձեռնպահ մնալով իր վարած տրանսպորտային միջոցը հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս դուրս բերելուց և ձախակողմյան երթևեկություն իրականացնելուց:

Ըստ փորձագետի եզրակացության՝ հրդեհի առաջացման հավանական պատճառ է հանդիսացել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմոբիլի շարժիչի տեղամասում գազի համակարգից արտահոսած գազի բռնկումը՝ մախանիկական կամ էլեկտրական կայծի առաջացման պարագայում:

Ավտոմեքենայի տեխնիկական վիճակով պայմանավորված հրդեհի ինքնաբռնկում հնարավոր չէ, հրդեհի բռնկման համար անհրաժեշտ են մի շարք պայմաններ (վթար, մեխանիկական կամ էլեկտրական կայծ և այլն):

 

Փորձագետի եզրակացության համաձայն՝ նախ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենան առջևի ձախ մասով ընդհարվել է «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմոբիլի առջևի ձախ մասի հետ, որից հետո միայն «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմոբիլն առջևի աջ անկյունային մասով ընդհարվել է «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմոբիլի հետևի ձախ մասին: Միաժամանակ, փորձագետների եզրակացությամբ՝ հրդեհի օջախը գտնվել է «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմոբիլի շարժիչի տեղամասում: Օջախում առաջացած բաց կրակը շարժիչի տեղամասի և ուղևորասրահի այրունակ նյութերի վրայով տարածվել է բոլոր ուղղություններով, ավտոմոբիլի ամբողջ մակերևույթով և անցել վթարի հետևանքով վերջինիս կիպ կայանված «Տոյոտա Հիլուքս» և «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինտենսիվ այրմանը և կրակի արագ տարածմանը նպաստել է «ԳԱԶԵԼ» մակնիշի համարանիշի ավտոմոբիլում տեղի ունեցած գազի արտահոսքը, իսկ հրդեհի առաջացման հավանական պատճառ է հանդիսացել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմոբիլի շարժիչի տեղամասում գազի համակարգից արտահոսած գազի բռնկումը՝ մախանիկական կամ էլեկտրական կայծի առաջացման պարագայում:

Ինչ վերաբերում է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենային, ապա առջևից ընթացող «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմոբիլի նատմամբ տարածություն պահելու առումով «ՎԱԶ-21063»-ի վարորդի իրականացրած երթևեկությունը տեխնիկական տեսակետից թույլատրելի է եղել և չի հակասել ՃԵԿ-ի պահանջներին:  Հետևաբար նշված հանգամանքը տեխնիկական տեսակետից չէր կարող պատճառական կապի մեջ լինել «ՎԱԶ-21063»-ի և «ԳԱԶԵԼ»-ի ընդհարման առաջացման հետ:

 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250