Սեյրան Օհանյանի պաշտպանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Մարտի 1-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին պաշտպանական կողմը բացարկի միջնորդություն է ներկայացրել մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանին եւ Գեւորգ Բաղդասարյանին: Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը բացարկի հիմքում դրել էր մի քանի հանգամանք՝ կապված Մարտի 1-ից այս անջատված գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի գործողությունների հետ՝ նշելով, որ մեղադրանքը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանն ունեցել է կանխակալ վերաբերմունք եւ պարբերաբար թույլ է տվել քրեադատավարական վարքի խախտումներ, որոնք կարող են որակվել որպես էական խախտումներ:
Այսօրվա նիստին բացարկի միջնորդությամբ հանդես եկավ նաեւ ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:
Նրա խոսքով՝ դեռեւս գործի նախաքննության ընթացքում ինքը միջնորդություն է ներկայացրել գործով քննչական խմբի ղեկավար քննիչ Հրաչ Մուշեղյանին՝ հայտնելով, որ մայր գործում առկա են բազմաթիվ, այդ թվում՝ ինքնախոստովանական ցուցմունքներ այն մասին, որ մարտի մեկին տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, եւ խնդրել է դրանք ներառել սույն գործով, սակայն քննիչն իր միջնորդությունը մերժել է. «Միաժամանակ ուզում եմ հայտնել, որ Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել 300.1 հոդվածով, որը 2008 թվականի իրադարձություններից մեկ տարի անց է ընդունվել: Ո՛չ Սեյրան Օհանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման, ո՛չ էլ 1000 էջից ավելի մեղադրական եզրակացության մեջ որեւէ հղում չկա նախկինում գործած 300-րդ հոդվածին»:
Կարեն Մեժլումյանը նշեց, որ մի քանի միջնորդություններով քննիչին խնդրել է նաեւ պարզաբանել՝ ինչպես է 2008 թվականին ուժի մեջ մտած հոդվածը կիրառվել դրանից ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունների շրջանակում, սակայն քննիչը որեւէ պարզաբանում չի տվել՝ մերժելով իր միջնորդությունը. «Քննիչի որոշումը բողոքարկել եմ Գլխավոր դատախազին, եւ իմ բողոքը մերժվել է մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի կողմից: Այսինքն՝ քննիչն ու դատախազը թույլ են տվել կոպտագույն խախտումներ, չեն պարզաբանել՝ արդյոք հին հոդվածը կիրառել են, թե ոչ, իսկ այս դեպքում պաշտպանական կողմը զրկվել է արդյունավետ պաշտպանության իրավունքից»:
Պաշտպանը նշեց՝ մի կողմից, եթե որեւէ նշում չկա, ենթադրվում է, որ հին հոդվածը չի կիրառվել, մյուս կողմից, եթե կիրառվեր եւ թաքուն պահվեր, ապա դա արդեն իրավունքի խախտում է. «Այսպիսով՝ հին օրենքի՝ մեղադրանքի հիմքում դրված լինել-չլինելը թաքուն պահելով, դրա վերաբերյալ մեր միջնորդությունները մերժելով՝ մեղադրող դատախազը թույլ է տվել կոպտագույն խախտումներ, որպիսին կարող էր թույլ տալ միայն գործի ելքով շահագրգռված դատախազը»,- նշեց պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ խնդրելով դատարանին մեղադրող Պետրոս Պետրոսյանին հեռացնել վարույթից:
Պաշտպանական կողմն ամբողջությամբ միացավ բացարկի միջնորդությանը:
Նմանատիպ հոդվածներ
Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշե...
Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. հայտարարություն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին...
Եթե հունվարի 1-ից գազի գինը փոխվի, դա հայ սպառողի վրա չի անդրադառնա. փոխնախարար
Անգամ եթե 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը փոխվի, սպառողների վրա դա չի անդրադառնա։ Այս մասին լրագրողների հետ զրույցո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...