30 երեխաներն էլ ողջ են. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը որդեգրումների բացահայտման մասին. «Ժողովուրդ»

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ուշագրավ հայտարարություն էր տարածել, որ բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, որի պնդմամբ` երեխաների օրգանների վաճառքի մասի որեւէ խոսք չկա:

 

Ըստ ԱԱԾ-ի` ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, կազմակերպել են ՀՀ քաղաքացի 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնած Իտալիայի Հանրապետության քաղաքացիների կողմից:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արթուր Վանեցյանը ներկայացրեց մանրամասները. ըստ նրա` խոսքը ոչ թե այն մասին է, որ երեխաները որդեգրվել են եւ ապօրինի ճանապարհով դուրս բերվել Հայաստանից, այլ երեխաների որդեգրման գործընթացում զուտ կոռուպցիոն երեւույթների բացահայտմանն է վերաբերում:

«Մեր օրենսդրությամբ արգելվում է առողջ երեխայի որդեգրումը օտարերկրյա քաղաքացիների կողմից, առողջ երեխաների որդեգրման առաջնահերթությունը տրվում է ՀՀ քաղաքացիներին: Այդ գործընթացով զբաղվող Սոցապ նախարարությունը, այնտեղ համապատասխան պաշտոնյաներ, կոռուպցիոն սխեմաների կիրառմամբ գումարներ վերցնելով, թեթեւ առողջական խնդիրներ ունեցող երեխաներին ներկայացրել են որպես ծանր առողջական խնդիր ունեցող երեխաներ: Դրա պատճառով նրանք դուրս են եկել մեր` ՀՀ քաղաքացիների այդ հերթից, որ հերթ են կանգնել որդեգրելու, եւ անցել են մանկատան տնօրինությանը, եւ մանկատնից արդեն օտարերկրյա քաղաքացին դիմել եւ որդեգրել է երեխային»:

ԱԱԾ նախկին տնօրենը ցանկացավ անդրադառնալ ամենակարեւոր հարցին. «Շահարկվում է, թե հնարավոր է, որ հետագայում այդ երեխաներին օգտագործել են օրգանների վաճառքի համար եւ այլն: Իրականում Արդարադատության, նաեւ Սոցապ նախարարություններում կան համապատասխան բաժիններ, որոնք հետեւում են արտասահման որդեգրված երեխաների հետագա ճակատագրին:

Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ օրգանների վաճառքի մասին որեւէ խոսք չկա. «Խոսքը վերաբերում է երեխաների որդեգրման գործընթացում տեղ գտած կոռուպցիոն դրսեւորումների բացահայտմանը, այսինքն այս 30 երեխաները բոլորը կենդանի են, բոլորը շատ լավ վիճակում են, եւ որեւէ մեկի կյանքին կամ առողջությանը վտանգ չի սպառնում: Եթե կան նման տեղեկություններ, ես տեղյակ չեմ, պետք է հարցումներ իրականացնել թե՛ ԱԱԾ, թե՛ Սոցապ նախարարություն, ես ինչքան տեղյակ եմ եւ այն, ինչ տեսա հաղորդագրությունից, խոսքը վերաբերում է կոռուպցիոն երեւույթների որդեգրման ընթացքում, ուրիշ որեւէ բան չկա»,- ամփոփեց ԱԱԾ նախկին տնօրենը:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում