Կառավարության հերթական խայտառակ որոշման պատճառով հարկատուներս 905,906,351 դրամ ենք կորցնելու. Մարուքյան
Լուսավոր Հայաստա կուսակցության նախագահ, ԱԾ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Կառավարության հերթական խայտառակ որոշման մասին, որի պատճառով հարկատուներս 905,906,351 դրամ ենք կորցնելու:
Սիրելի՛ քաղաքացիներ,
Կառավարության երեկվա նիստի ընթացքում դրական եզրակացություն է ստացել և անհետաձգելի համարվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Դրանցով կառավարությունը փաստորեն ԱԺ ընդունմանն է ներկայացնում հետևյալը՝
Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը ՍԴ անդամ նշանակված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած ՍԴ դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նա ստանում է կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:
Ըստ նախագծին կից ներկայացված տեղեկանքի՝ ՍԴ նախագահի և 6 դատավորի հրաժարականի դեպքում նրանց՝ մինչև Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման տարիքը լրանալը վճարվելիք կենսաթոշակի չափը կկազմի տարեկան շուրջ 90.796.992 դրամ:
Խոսքը գնում է ՍԴ հետևյալ դատավորների մասին․
Հրայր Թովմասյան (65-ը լրանում է 08․07․2035)
Ալվինա Գյուլումյան (65-ը լրանում է 20․01․2021)
Ֆելիքս Թոխյան (70-ը լրանում է 20․06․2026)
Արաիկ Թունյան (65-ը լրանում է 06․01․2031)
Աշոտ Խաչատրյան (65-ը լրանում է 10․09․2027)
Հրանտ Նազարյան (70-ը լրանում է 26․01․2029)
Արևիկ Պետրոսյան (65-ը լրանում է 09․12․2037)
Եթե հաշվի առնենք, որ ՍԴ նախագահի դրույքաչափը 16 է, իսկ մյուս ՍԴ դատավորներինը՝ 12, ապա ստացվում է՝
6 դատավորներից յուրաքանչյուրին՝ 1,031,784 դրամ ամսական
ՍԴ նախագահի մասով 1,375,712 դրամ ամսական
Եթե ենթադրենք, որ նրանք բոլորը հրաժարական կներկայացնեն տրված ժամկետի վերջին օրը՝ 31․01․2020, ապա ստացվելու է մոտավորապես հետևյալ պատկերը՝
Հրայր Թովմասյան՝ 186 ամիս 255,882,431.37
Ալվինա Գյուլումյան՝ 12 ամիս 12,381,408.00
Ֆելիքս Թոխյան՝ 71 ամիս 73,256,664.00
Արաիկ Թունյան՝ 132 ամիս 136,195,488.01
Աշոտ Խաչատրյան՝ 92 ամիս 94,924,128.00
Հրանտ Նազարյան՝ 108 ամիս 111,432,672.01
Արևիկ Պետրոսյան՝ 215 ամիս 221,833,560.01
Ընդհանուր՝ 905,906,351
Այսպիսով, կառավարությունը պատրաստ է շուրջ 1 մլրդ դրամ վճարել ՍԴ իր համար անցանկալի անդամներից ազատվելու համար, քանի որ իրավական ճանապարհով այդ գործընթացը որևէ կրպ չի կարողանում իրականացնել։ Եվ սա այն դեպքում, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հաշվեքննիչ պալատը, Կենտրոնական բանկը և բազմաթիվ այլ մարմիններ շարունակում են ղեկավարվել Սերժ Սարգսյանի օրոք նշանակված անձանց կողմից։ Տրամաբանական հարց է առաջանում, թե ի՞նչ սկզբունքով է առաջնորդվում կառավարությունը՝ այսպիսի ընտրողականություն դրսևորելիս։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շարունակում է պնդել, որ աշխատավարձը տրվում է աշխատանքի դիմաց, այլ ոչ երբեք հակառակը։
Եվ եթե ՀՀ պետական բյուջեն ի վիճակի է այսպիսի ճոխություններ իրեն թույլ տալ, ապա այդ դեպքում ինչու՞ ենք օրինակ ընդամենը տարեկան 91 մլն ՀՀ դրամի համար փակում Նևրոզների բուժման կլինիկան։
Ամառը համապարփակ անդրադարձել եմ այս թեմային: