Ուսանողների և դասախոսների հետ հանդիպում դեռ պլանավորված չէ. Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստ է երկխոսությունների: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Անժելա Կժդրյանը՝ ի պատասխան երեկ Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի, հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների դասախոսների հանդիպման առաջարկներին:
Ինչպես նշեց Անժելա Կժդրյանը, ԿԳՄՍ նախարարը բազմիցս անդրադարձել է այս հարցին եւ ասել, որ միշտ պատրաստ է իր մոտ ընդունել ուսանողներին եւ դասախոսներին՝ քննարկումների համար: Մամուլի քարտուղարը, սակայն, նշեց՝ որեւէ կոնկրետ հանդիպում դեռեւս պլանավորված չէ, քանի որ մինչեւ երեկ նախարարությունում այս հարցով հստակ արձագանք չկար:
Հանդիպումներ, հանրային քննարկումներ, այնուամենայնիվ, նախատեսվում են։ Երբ նախագիծը հասանելի կլինի «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք»-ում, այդ ժամանակ կհրավիրվեն բազմաթիվ հանդիպումներ:
Հիշեցնենք, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի՝ բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր ուսուցման դրույթի եւ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ուսանողների կողմից իրականացված ակցիաների մասին երեկ հայտարարություն են տարածել ԵՊՀ ուսանողական խորհուրդը, Հայ բանասիրության եւ Պատմության ֆակուլտետների դասախոսական կազմը: Նրանք Արայիկ Հարությունյանին առաջարկել են հանդիպել եւ քննարկել օրենքի նախագծի վիճահարույց կետերը:
ՈՒԽ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ կառույցը բազմիցս արտահայտել է իր մտահոգությունը ԿԳՄՍ նախարարության կողմից բուհեր ուղարկված օրենքի նախագծի վերաբերյալ: Ինչ վերաբերում է հայոց լեզվին եւ հայոց պատմությանը, նշվում է, որ այդ առարկաների ուսուցման պարտադիրության սահմանումը կարիք ունի քննարկումների, փորձագիտական գնահատականի եւ խոր ուսումնասիրությունների:
Հայ բանասիրության եւ Պատմության ֆակուլտետների դասախոսական կազմն իր հերթին երեկ մեկօրյա նախազգուշական գործադուլ է հայտարարել եւ միեւնույն ժամանակ կոչ արել ուսանողներին հաջորդ օրվանից վերադառնալ լսարաններ, իսկ քննարկվող նախագծի հեղինակներին՝ հանդիպել մասնագետների հետ:
Փորձեցինք տեղեկատվություն ստանալ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի հեղինակների վերաբերյալ: Մեր հարցին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ թեմայի շուրջ կարող է խոսել նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, որը, սակայն, արտերկրում է եւ նրա հետ կապ հաստատել չհաջողվեց:
Նշենք, որ դեռեւս անցած շաբաթվանից սկսված բողոքի ակցիաները դեռեւս շարունակվում են: Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, չնայած դասախոսական կազմի հորդորներին, այսօր եւս շարունակել են դասադուլը: Միեւնույն ժամանակ ՀՀ կառավարության շենքի առաջ շարունակվել են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կողմից կազմակերպված բողոքի ակցիաները, որոնց միացել են տարբեր բուհերից ուսանողներ, այլ քաղաքացիներ: