«Ժողովուրդ». Թանկացումներ սպառողական շուկայում. բանջարեղենը թանկացել է 5.2, միրգը 6.7 տոկոսով, ոչ ալկոհոլային խմիչքները1 տոկոս
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի սպառողական շուկայում հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, թանկացումներ են արձանագրվել: Օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1 տոկոս գնաճ: Իսկ, ահա, բանջարեղենը թանկացել է 5.2, իսկ միրգը 6.7 տոկոսով:
Կաթնամթերքի, պանրի և ձվի շուկայում արձանագրվել է գնաճ 0.5 տոկոսով: Միայն ձվի գինը հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, բարձրացել է 0.9 տոկոսով: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ առաջին անհրաժեշտության սննդատեսակներից հացի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 0.4 տոկոս, իսկ մսամթերքի շուկայում, հակառակը, գնանկում է գրանցվել՝ 0.5 տոկոս:
Ի դեպ, արձանագրենք, որ այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ 0.2, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի 0.3 տոկոս գնաճ:
Նշենք, որ ծխախոտի թանկացման պատճառներից մեկը ակցիզային հարկի բարձրացումն է: Բանն այն է, որ շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով այս տարվա հուլիսի 1-ից սկսած, բարձրացել են ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը»,-գրում է թերթը։