
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը արդարացված է․ Զախարովա

Կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը հիմնավորված և արդարացված է` հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները։ Այս մասին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մինսկի ինստիտուտները փակելու նախաձեռնությունը պատկանում է Հայաստանին և Ադրբեջանին, այդ պետությունների արտգործնախարարները համապատասխան առաջարկությամբ օգոստոսի 11-ին դիմել էին ԵԱՀԿ՝ դրանով հաստատելով, որ Մինսկի գործընթացի գործիքակազմի ավելի շատ կարիք Բաքուն և Երևանը չունեն»,-հիշեցրել է Զախարովան։
«Հիշեցնեմ, որ Մինսկի խմբի աշխատանքի ողջ ընթացքում ռուսական համանախագահությունը առավելագույն ջանքեր է գործադրել առաջադրված խնդիրների լուծման համար՝ ի շահ մեր բարեկամ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների հաշտեցման», – հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից։