Թուրքերը ռուսական կողմին հավաստիացրել են, որ հայերի դեմ ոտնձգություն չի լինի. արևելագետ

Հայաստանի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, մինչև Սոչիում Պուտինի և Էրդողանի բանակցությունները կարողացել են սիրիահայերի ճակատագրի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել։ Հավանաբար, հենց դա է նկատի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հրապարակած գրառման մեջ:

 

Այդ մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

 

Սոչիում հոկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների արդյունքում ստորագրվել է մի փաստաթուղթ, համաձայն որի` թուրք-սիրիական սահմանի սիրիական հատվածում՝ Թուրքիայի հռչակած անվտանգության գոտուց դուրս, կտեղակայվեն Ռուսաստանի ռազմական ոստիկանության ու Սիրիայի սահմանային ծառայության ստորաբաժանումները։

Այդ բանակցություններից հետո Հայաստանի վարչապետը գրել է ֆեյսբուքյան  էջում, որ Սոչիում Սիրիայի հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները վերաբերվում են սիրիահայերի անվտանգության խնդիրներին։

 

Սաֆրաստյանի խոսքով` սիրիական տարածքներում, որոնք համատեղ հսկելու են ռուսական և թուրքական ստորաբաժանումները, թուրքերը չեն կարողանա ինչ–որ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել այնտեղ բնակվող հայերի դեմ։ Ավելին, Կամիշլի քաղաքը, որտեղ խոշոր հայ համայնք կա, ընդհանրապես մնացել է թուրքերի հսկողության գոտուց դուրս։

 

«Էրդողանը, թուրքական ԶԼՄ–ների հետ հարցազրույցում, մեկնաբանելով Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները, ասել է, որ նրանք հաշվի են առել քրդերի, արաբների և ասորիների խնդիրները։ Էրդողանը չի հիշատակել հայերին, բայց կարելի է ենթադրել, որ հայ համայնքի հարցը նույնպես եղել է ռուս–թուրքական բանակցությունների օրակարգում։ Եվ թուրքերը ռուսական կողմին հավաստիացրել են, որ հայերի դեմ ոտնձգություն չի լինի», – նշեց Սաֆրաստյանը։

 

Սակավաթիվ հայ համայնք է մնացել այն տարածքում, որը կազմում է Թուրքիայի «անվտանգության գոտին»։ Դա թուրք–սիրիական սահմանի հատվածն է Թել Աբյադ և Ռաս ալ Այն բնակավայրերի միջև, որը Անկարան համարում է «անվտանգության գոտի»։

Սաֆրաստյանը կարծում է, որ վերջին օրերին նկատվում է բավական հետաքրքիր միտում, երբ Հայաստանի և հայության խնդիրները քննարկում են համաշխարհային գերտերությունները։ 

 

Այն պահին, երբ Սոչիում Պուտինի և Էրդողանի բանակցություններում քննարկվել են սիրիահայերի խնդիրները, ԱՄՆ–ի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում բարձրացվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը։ Սպասվում է, որ առաջիկայում Ներկայացուցիչների պալատը հերթական անգամ կփորձի քվեարկել բանաձևի օգտին։ Սաֆրաստյանը կարծում է, որ Հայաստանը պետք է առավելագույնս օգուտ քաղի այդ միտումներից։



 

Քաղաքականություն

Պատահարներ