Քաղաքականություն

Նաիրի Հունանյանից բացի, «հոկտեմբերի 27»–ի գործով ևս երկու դատապարտյալ ազատման դիմում են գրել

WRed 329 դիտում
Նաիրի Հունանյանից բացի, «հոկտեմբերի 27»–ի գործով ևս երկու դատապարտյալ ազատման դիմում են գրել

«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված անձանցից Նաիրի Հունանյանը, պարզվում է` միակը չէ, ով դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են  ՀՀ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

 

Նրա խոսքով` առաջին անգամ հանցախմբի 2 անդամ պայմանական վաղաժամկետ ազատվելու խնդրանքով դիմել են 2017թ.–ին, և երկուսն էլ մերժում են ստացել։

 

Դիմումատուները եղել են Աշոտ Կնյազյանն ու Դերենիկ Բեջանյանը։

 

Բանն այն է, որ  մինչ Քրեական օրենսգրքի փոփոխությունը կալանքի 1 օրը հաշվվում էր 1.5 օր: Հետևաբար, «Հոկտեմբերի 27»-ի գործով դատապարտյալների ազատազրկման 20 տարին, նախաքննական կալանքի ժամկետի հետ հաշվարկած, լրանում էր 2017թ.–ին։

 

«Երկրորդ անգամ Աշոտ Կնյազյանը դիմել է 2016թ.–ի ապրիլի 16-ին։ Քրաեակատարողական ծառայությունն ու Պրոբացիայի ծառայությունը նրա վերաբերյալ բացասական  զեկույցներ են ներկայացրել, որոնց արդյունքում դիմումը մերժվել է»,– ասաց Նոնա Նավիկյանը։

Նաիրի Հունանյանը, հիշեցնենք, շուրջ 1 ամիս առաջ է դիմում ներկայացրել պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու խնդրանքով։

 

Նման իրավունք ցմահ դատապարտյալին տալիս է Քրեական դատավարության օրենսգրիրքը` 20 տարի ազատազրկման մեջ մնալուց հետո։

Ինչպես  հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը, Հունանյանի դիմումին պատասխանելու համար օրենքով տրվում է 80–օրյա ժամկետ, որի ընթացքում երկու պետական կառույցներ` ՔԿԾ–ն ու Պրոբացիայի ծառայությունը, պետք է  հարցի շուրջ իրենց եզրակացությունները ներկայացնեն։

 

«Պրոբացիայի ծառայությունը պաշտոնական ծանուցումը ստանալուց հետո՝ 80 օրվա ընթացքում, կազմում և ներկայացնում է դատապարտյալի պատշաճ վարքագիծը և նրա կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող հանգամանքների վերաբերյալ զեկույց: Տվյալ պարագայում Պրոբացիայի ծառայությունը պաշտոնական ծանուցումը ստացել է սեպտեմբերի 13-ին: Ծառայությունը նշված ժամկետում կներկայացնի զեկույց, որից հետո քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կկայացնի համապատասխան որոշում»,–հայտնել են Արդարադատության նախարարությունից։

 

Ի դեպ, նշենք, որ հոկտեմբերի 23-ին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ԱԺ–ում հայտարարել էր, որ ՔԿՀ–ն արդեն բացասական եզրակացություն է տվել Հունանյանին ազատ արձակելու առաջարկին, ինչը նախարարին առիթ էր տվել ենթադրելու, որ Պրոբացիայի ծառայությունը ևս բացասական եզրակացություն է տալու։



 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250