«Հրապարակ». Վարչապետի օգնականները սևազգեստ մայրերին կանչում են փափուկ բարձ դնում գլխների տակ, տուն ուղարկում
«Հրապարակ» թերթը գրում է.
Կառավարությունն ամեն ինչ անում է, որ «սևազգեստ» մայրերի բողոքը չվերածվի սոցիալական բունտի՝ նրանց չմիանան մյուս բողոքավորները, որոնց հունից հանել են կառավարության անդամների աշխատավարձերի բարձրացման լուրերը: Հիշեցնենք․ կառավարությունը մարտի 1-ի զոհերից յուրաքանչյուրի ընտանիքին 30 միլիոն է տրամադրել: Նման պահանջ են առաջ քաշել նաև սահմանին զոհվածների, վիրավորվածների հարազատները: Գրեթե ամեն շաբաթ վարչապետի օգնականները սևազգեստ մայրերին կանչում են «խորհրդակցության»՝ փափուկ բարձ դնում գլխների տակ, տուն ուղարկում:
Երեքշաբթի օրը վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի մոտ են կրկին եղել։ Մայրերը պնդել են իրենց պահանջը, հիշեցրել, որ կառավարությունը հայտարարում է բյուջեից 25 տոկոսով հավելյալ գումար հավաքվելու մասին։ Նշել են նրանց շքեղ ծախսերը, աշխատավարձերի բարձրացումը: «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանին հարցրինք, թե ինչու են այդ հանդիպումները փակ՝ լրագրողները տեղյակ չեն լինում։ «Խնդիրը դեռ բանակցային փուլում է, այդ պատճառով․․․ մեզ ասացին` մեկ շաբաթվա ընթացքում պատասխան կտան»: Ի՞նչ ակնկալիքներ ունեք։ «Կարծում եմ՝ անպայման դրական պատասխան կտան»: Եթե ո՞չ։ «Շարունակելու ենք բողոքի ակցիաները»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում