ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոխվելու են ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ կիրառվող դրույքաչափերը
2020թ. հունվարի 1-ից փոխվելու են ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ ՀՀ-ում կիրառվող Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող մաքսատուրքի և հարկերի միասնական դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերը: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
2019թ. տարեվերջին սպասվում է ավտոմեքենաների ներմուծման ծավալների բազմապատիկ աճ: Արդյունքում՝ նավահանգիստներում, ինչպես նաև ՀՀ սահմանային անցակետերում աննախադեպ հերթերը կարող են հանգեցնել ամիսներ առաջ ձեռք բերված ավտոմեքենաների որոշ մասի ՀՀ սահմանը փաստացի 2020թ. հունվարի 1-ից հատելուն: Այդ պարագայում ավտոմեքենաների համար մաքսատուրքերը և հարկերը կհաշվարկվեն մաքսային հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող դրույքաչափերով:
Գործող օրենսդրության շրջանակում, սակայն, ՊԵԿ-ը իրազեկում է նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին: Ավտոմեքենայի փաստացի ներմուծումից 30 օրացուցային օր առաջ քաղաքացիները հնարավորություն ունեն ներկայացնել նախնական մաքսային հայտարարագիր:
Այդ ժամկետում ներմուծման դեպքում մաքսատուրքն ու ավելացված արժեքի հարկը կհաշվարկվեն այդ հայտարարագրի գրանցելու օրվա դրությամբ գործող դրույքաչափերով: Այս պարագայում անհրաժեշտ է հաշվի առնել, որ ավտոմեքենաները պետք է հայտարարագրվեն ոչ թե անձնական օգտագործման ապրանքների համար նախատեսված ընթացակարգով՝ ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ, այլ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով՝ ապրանքային հայտարարագրի կիրառմամբ:
Ավտոմեքենայի համար արժեքն այդ դեպքում որոշվելու է ոչ թե ըստ ԵՏՄ մաքսային օրենսգրքի 267-րդ հոդվածի, որով արժեքի մեջ չեն ներառվում փոխադրման և ապահովագրության համար կատարված ծախսերը, այլ համաձայն ԵՏՄ մաքսային օրենսգրքի 5-րդ գլխի. այն է՝ մաքսային արժեքի մեջ ներառվում են ինչպես փոխադրման և ապահովագրության, այնպես էլ նույն գլխով սահմանված այլ ծախսերը, և այս դեպքում արդեն ընտրությունը մնում է քաղաքացուն (հայտարարատուին):
Կարևոր է նաև իմանալ, որ եթե ավտոմեքենայի ներմուծման համար նախնական մաքսային հայտարարագիրը գրանցվի մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, ապա ներմուծման մաքսատուրքը և ավելացված արժեքի հարկը կհաշվարկվեն 2019 թվականին գործող դրույքաչափերով:
Անհաժեշտ է ուշադրություն դարձնել, որ նմանօրինակ եղանակով մաքսային ձևակերպումները կատարելու հնարավորությունը թողնված է հայտարարատուների ընտրությանը, որի դեպքում նախնական մաքսային հայտարարագիրը մաքսային մարմիններին ներկայացվում է ինքնահայտարարագրման կամ մաքսային ներկայացուցչի կողմից: