Պիպոյանը պատմում է գնված ապրանքը վերադարձնելու օրինագծի մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում սպառողներն ավելի հեշտությամբ կվերադարձնեն կամ կփոխարինեն գնված ապրանքները։
Հայաստանյան սպառման կետերում տեսանելի վայրում պետք է փակցված լինի վահանակ, որում գրված կլինեն ապրանքների վերադարձի ու փոխանակման պայմանները և վերադարձի ոչ ենթակա ապրանքների ցանկը։ Վահանակը չտեղադրելու դեպքում սպառման կետը կստանա նախազգուշացում։ Այն մեկ տարվա ընթացքում դարձյալ չտեղադրելու դեպքում կտուգանվի 50 հազար դրամով։
Օրենքի այսպիսի նախագիծ է մշակել Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը` առաջարկելով փոփոխություններ կատարել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում։ Նախագիծը հրապարակվել է հոկտեմբերի 18-ին e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում։
«Սա այն դեպքն է, երբ տուգանքը ոչ թե պարզապես տուգանք է և վերջ, մոռացանք, այլ խնդիր է լուծում, այսինքն` տուգանքը վճարելուց հետո էլ խանութը պարտավոր է տեղադրել վահանակը։ Տուգանքը կարող էր 30 հազար լինել կամ 100 հազար. գումարի չափը էական չէ»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Պիպոյանը կարևորեց այս օրենքի նախագծի ընդունումը, քանի որ այլևս ստիպված չեն լինի տնտեսվարողներին «համոզել» գնված և պատշաճ վիճակում գտնվող ապրանքները ետ ընդունել։
«Շատ են դեպքերը, երբ ահազանգում են մեր ՀԿ–ին, որ այսինչ խանութում ապրանքը հետ չեն վերցնում։ Խանութը մի բան է ասում, սպառողը` մեկ այլ, օրենքը` բոլորովին ուրիշ բան։ Իսկ այս դեպքում կլինեն ապրանքի վերադարձի հստակ չափանիշներ, որոնք յուրաքանչյուր սպառող խանութ մտնելիս կտեսնի», – ասում է Պիպոյանը։
Սպառողների իրավունքների պաշտպանի խոսքով` լավ կլիներ, եթե օրենքում ավելանար նաև կետ` որոշում կայացնող հանձնաժողովի մասին.
«Անգամ վահանակի առկայության դեպքում հնարավոր են վեճեր` այսինչ 10 հազար դրամանոց պայուսակը օգտագործվե՞լ է վերադարձից առաջ, թե՞ ոչ։ Եվ շատ անիմաստ եմ համարում, որ դրա համար կողմերը գնան դատարան, ամիսներով լուծեն 10 հազարանոց ապրանքի հարցը։ Լավ կլինի` լինի հանձնաժողով, որը երկու կողմերի համար անբեկանելի որոշում կկայացնի»,–ասաց Պիպոյանը։
Օրենքն այժմ արդեն սահմանում է` որ ապրանքներն են, որ ոչ մի դեպքում վերադարձի ենթակա չեն։ Դրանց շարքում են սննդամթերքը, դեղորայքը, կենցաղային քիմիայի ու կոսմետիկ ապրանքները։ Վերջիններից թույլատրվում է վերադարձնել կամ փոխարինել միայն օծանելիքը, փոխարենը` քսուկները, ներկանյութերը, շրթներկը (անգամ չբացված լինելու պարագայում) կարող են տվյալ ապրանքի համար անհամապատասխան պայմաններում պահվել, ասենք` շատ տաք կամ շատ սառը վայրում, այդպիսով դառնալով օգտագործման համար ոչ պիտանի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Մանրամասներ ոստիկանին սպանած երիտասարդների ինքնությունից. նրանք մանկատան սաներ են եղել
Tert.am-ի տեղեկություններով ՝ այսօր ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող եր...
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...
Նոր մանրամասներ Արտաշատում թունավորված երեխաների մասին
Արտաշատի թիվ 5 դպրոցից տեղի բժկական կենտրոն տեղափոխված երեխաները գտնվում են թեթև և միջին ծանրության վիճակում։ Այս մասին...