Քաղաքապետարանը պարզաբանել է մանկապարտեզում երեխաներին կապելու պատճառը

Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը «ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում արձագանքել է այսօր համացանցում տարածված լուսանկարներին, որտեղ երեւում է, որ երեխաները կապված են աթոռներից: 

 

Նրա խոսքով՝ նշված մանկապարտեզում 2015 թվականից գործում է նախաներառական 3 խումբ, ուր հաճախում է 24 տարբեր ծանր խնդիրներ ունեցող երեխա: Երեխաներից 14-ն ունեն հենաշարժողական խնդիրներ եւ մանկապարտեզ են գալիս իրենց անվասայլակներով:

 

«Մանկապարտեզի ներսում այս երեխաների առօրյան կազմակերպվում է «Արբես» առողջապահական կենտրոնի տրամադրած հատուկ նստարաններով, որոնք ունեն ամրացնող հատուկ հարմարանքներ»,- գրել է Տիգրան Վիրաբյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր խմբում ներառված ութ երեխայի հետ աշխատում է երկու հատուկ մանկավարժ, երկու օգնական, ինչպես նաեւ՝ նեղ մասնագետներ: 

 

«Բազմամասնագիտական խումբը բաղկացած է հմուտ եւ փորձառու 18 տարբեր մասնագետներից: Մանկապարտեզի նախաներառական մասի գործունեությունը վերահսկվում է ոլորտում մասնագիտացած «Արբես» առողջության կենտրոնը»,- շեշտել է քաղաքապետի տեղակալը: Նրա խոսքով՝ պարբերաբար մանկապարտեզ այցելող միջազգային առողջապահական կառույցների ներկայացուցիչները դրական են գնահատում հաստատության փորձը:

 

Տիգրան Վիրաբյանը գրել է, որ հարցի վերաբերյալ որոշակի տարակարծություն լինելու պատճառով՝ Երեւանի քաղաքապետարանը առաջիկայում կկազմակերպի նեղ մասնագիտական քննարկում, որի ընթացքում կքննարկվեն մեթոդաբանությանն առնչվող հարցեր:


«Հորդորում ենք խիստ զգայուն այս հարցի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելիս՝ լինել ծայրահեղ զգույշ, հաշվի առնել մասնագետների լայն խմբի կարծիքը, հարգել նախաներառական խմբերում ընդգրկված երեխաների եւ նրանց ծնողների զգացմունքներն ու իրավունքները»,- սոցիալական ցանցում գրել է Վիրաբյանը:

 

Հիշեցնենք, որ այսօր համացանցում տարածվել էին մանկապարտեզում կապված երեխաների լուսանկարներ: Ֆեյսբուքյան օգտագտերերից մեկը գրառում էր կատարել՝ նշելով, որ չի կարող լռել եւ չարձագանքել Երեւանի թիվ 92 մանկապարտեզի նախաներառական խմբում կիրառվող վարքի կառավարման մոտեցումներին։ 

 

Հրապարակման տակ մեկնաբանություններ էին գրել պատկերված երեխաների ծնողները, ովքեր նշել էին, որ իրենց փոքրիկները հենաշարժողական խնդիրներ ունեն եւ նրանց աթոռի վրա պահելու միակ միջոցը՝ կապելն է: Ծնողներից մի քանիսը մեղադրել էին լուսանկարներ հրապարակողին՝ նկարներն առանց թույլտվության համացանցում տեղադրելու համար, չնայած, որ երեխաների դեմքը փակված է:

Քաղաքականություն