Փայլանը թուրքերի ռազմական գործողությունը որակել է ցեղասպանության փորձ
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի լիագումար նիստում անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողությանը:
Փայլանը նշել է, որ այն, ինչ անում է Թուրքիան Սիրիայում, դա տեղահանություն է և ցեղասպանության փորձ՝ ըստ ՄԱԿ-ի սահմանումների:
«Ժողովրդագրության հետ խաղալը հանցանք է: Իսրայելն էլ նույն փաստարկներով զավթում է Պաղեստինի տարածքները»,-ասել է Փայլանը:
Փայլանի այս ելույթը բուռն քննարկումների տեղիք է տվել խորհրդարանի իշխող կուսակցության և վերջինիս հետ դաշինք կազմած աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ), ինչպես նաև ընդդիմադիր ազգայնական «Լավ» կուսակցության խմբակցություններում, հայտնում է Ermenihaber-ը:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Օզլեմ Զենգինը Թուրքիայի ռազմագործողության և Իսրայելի կողմից Պաղեստինի օկուպացիայի միջև համեմատություն անցկացնելու համար խստորեն դատապարտել է Փայլանի ելույթը:
Նրա խոսքով` տարածաշրջանը նման վիճակի հանգեցրել է «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը: Ինչ վերաբերում է հայ պատգամավորի կողմից Թուրքիայի ռազմագործողությունը ցեղասպանության փորձ որակմանը, ապա Զենգինը ասել է. «Ցեղասպանությունը այս երկրի բնակչի համար ամենածանր խոսքն է, որ կարող է օգտագործվել: Դա կոչվում է պառակտություն: Անարդարություն մի արեք այս ազգի հանդեպ»:
Կարո Փայլանի խոսքերն ամենակոշտը քննադատել է մեջլիսի «Ազգայնական շարժում» կուսակցության խմբակցության ղեկավար Էրքան Աքչայը:
«Անեծք այդ խոսքերին: Թուրքիան իր պայքարը տարածաշրջանի խաղաղության, Սիրիայի հյուսիում բնակվող մարդկանց բարօրության և անվտանգության համար է մղում»,-ասել է Աքչայը:
Ազգայնական «Լավ» (İyi) կուսակցության խմբակցության ղեկավարը Փայլանի ելույթի վերաբերյալ ասել է, որ դատապարտում է խորդհրդարանական ամբիոնից նմանատիպ արտահայտությունների օգտագործումը:
Ի պատասխան ելույթի քննադատություններին` գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) խմբակցության ղեկավար Էնգին Ալթայը արձագանքել է. «Փայլանի որոշ խոսքեր չեմ ընդունում, բայց կան բաներ, որ շատ ճիշտ են ասված: Սակայն եթե սա խորհրդարան է և արտահայտվելու վայր է, ապա բոլորն ազատ արտահայտելու են իրենց մտքերը»: