Մանրամասներ բժշկական քոլեջում տեղի ունեցած թունավորումից

Այսօր Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջում տեղի ունեցած արտակարգ դեպքի վերաբերյալ մանրամասներ պարզելու մեր փորձերը էլ ավելի մեծացրին անորոշությունը: 

 

Կեսօրին տեղեկացել էինք, որ քոլեջում իրարանցում է, լուրեր են պտտվում, որ այնտեղ պայթյուն է եղել կամ դրսից եկած ինչ-որ մարդիկ շենքում գազ են բաց թողել: 

 

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ այդ ժամանակ հայտնել էին, որ ժամը 10:52-ի սահմաններում «911» ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Կորյունի 10 հասցեում գտնվող Բժշկական քոլեջի 3-րդ հարկում ուսանողները փուչիկ են պայթեցրել, որի հետեւանքով խեղդվում են: Նշել էին, որ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր:

 

Ավելի ուշ միայն հավելեցին, որ ուսանողներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ դեպքի առիթով նախապատրաստվում են նյութեր: 

 

Հետո այլ աղբյուրներից տեղեկացանք, լսարանում գազի հոտ է զգացվել, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է, տարածքում գտնվողները կարծել են, որ լսարանում եղած փուչիկն է պայթել: Շուտով, սակայն, պարզել են, որ փուչիկն անվնաս է: Ենթադրել են, որ գազի արտահոսք կա: Շատ չանցած դա նույնպես հերքվել է: 

 

Դեպքի վայր են ժամանել նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները: Նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը «Հայկական ժամանակին» ասաց, որ մասնագետներն այնտեղ ոչ մի արտասովոր բան չեն նկատել, գազի արտահոսք չի եղել, օդն աղտոտված չի եղել, ԱԻՆ-ի աշխատակիցները փուչիկ եւս չեն գտել: Էդմոն Զարգարյանի խոսքով՝ հավանաբար քոլեջի փոխտնօրենն է ենթադրել, որ փուչիկի պայթելը հնարավոր է կապ ունենա առկա հոտի եւ ուսանողի ինքնազգացողության վատացման հետ:

 

«Երեւանի շտապ բժշկական օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նշված ժամին իրենք եւս ահազանգ են ստացել, տեղում որոշ ուսանողների օգնություն են ցուցաբերել, սակայն նրանցից ոչ մեկի մոտ լուրջ խնդիր չի եղել եւ իրենք ոչ մեկին չեն տեղափոխել հիվանդանոց:

 

Մեզ հաջողվեց պարզել, որ մեկ տուժած մասնավոր մեքենայով քոլեջից տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն: Այստեղից հաստատեցին այդ տեղեկությունը եւ նշեցին, որ 29-ամյա Է.Մ.-ին զննել է ռեանիմատոլոգը, նրա մոտ ախտորոշվել է թունավորում շմոլ գազից, այնուհետեւ Է.Մ.-ն շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի թունաբանական բաժանմունք:

 

Պատահարներ