ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երեկվանից այրվող տան հրդեհը այսօր դեռ չի մարվել
Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Լոռու մարզի Ձորագյուղ գյուղում բռնկված խոշոր հրդեհի հետեւանքով սեփականատերը ավելի քան 7 մլն դրամի վնաս է կրել: Հրդեհի վերաբերյալ ահազանգը Լոռու մարզային փրկարարական վարչությունում ստացվել է ժամը 17:51-ին: Ահազանգողը հայտնել է, թե գյուղում բնակելի տուն է այրվում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ փրկարարական վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ: Օգնության է կանչվել նաեւ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի Լոռու տեղամասի ջրատարը:
Մարզային փրկարարական վարչությունից ՀԺ-ին հայտնեցին, որ հրդեհը մեկուսացվել է ժ.19:56-ին: Այրվել է Ձորագյուղ համայնքի 8-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 հասցեում գտնվող գյուղապետարանից վարձակալած երկհարկանի շինության (240 ք.մ) 2-րդ հարկում պահեստավորված և շինությանը հարակից դարսված մոտ 3500 հակ անասնակերը:
Փրկարարներին հաջողվել է այրվող շինության 1-ին հարկից դուրս բերել 30 գլուխ մանր և խոշոր եղջերավոր անասուններն ու 30 տոննա կարտոֆիլ:
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են մինչ այս պահը: Իրականացվում են Հովացման աշխատանքներ: Տեղում են նաեւ իրավապահները:
ՀԺ-ի հետ զրույցում Ձորագյուղի գյուղապետ Արշակ Ռամազյանն ասաց, որ բնակչի կրած վնասներն ահռելի են: Խոսելով հրդեհի պատճառներից, գյուղապետը հայտնեց, որ նախնական վարկածով, այն բռնկվել է տարածքի վարձակալի 5-ամյա երեխայի՝ լուցկու հետ անզգույշ վարվելու հետեւանքով:
Մեզ հետ զրույցում տարածքի սեփականատեր, հրդեհի հետեւանքով մեծ վնասներ կրած Վահան Հովհաննիսյանն ասաց, որ կրել է 7-10 մլն դրամի վնաս:
Թիվն, ըստ բնակչի, հնարավոր է ավելանա: Տարածքը, որն օօգտագործվում էր որպես պահեստ, վարձակալել էր համայնքից. «Հիմա ահավոր վիճակ է, չգիտեմ էլ ինչ ասեմ կամ որ ուղղությամբ մտածեմ, էսքան եղածը վարի գնաց, բանկերին աշխարհի վարկն ունեմ, ընտանիքս դեռ պետք ա պահեմ… չգիտեմ ինչ ասեմ, չեմ էլ կարողանում խոսել»,- նշեց Վահան Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ ընտանիքը բաղկացած է 6 անձից, որոնց մեջ նաեւ անչափահաս երեխաներ կան: