Բալասանյանի ասուլիսներին շատ ուշադրություն մի դարձրեք. Անդրանիկ Քոչարյան

Վիտալի Բալասանյանի ասուլիսներին շատ ուշադրություն մի դարձրեք, տպավորություն է՝ կարծես մեր երկրի կյանքը պտտվում է Բալասանյանի հնչեցրած անհեթեթ օրակարգի շուրջ։ 

 

Լրագրողների հետ ճեպազրույցում այսկերպ արձագանքեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիրչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Բալասանյանի վերջին հայտարարություններին։

 

Նշելով, որ Բալասանյանը խոսել էր նաեւ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով հրավիրվելու հավանականության մասին՝ Անդրանիկ Քոչարյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ նա պատերազմի ժամանակ որեւէ իրավասություն չէր կարող ունենալ, քանի որ զորացրված է եղել, հետեւաբար նրան հանձնաժողով կանչելու անհրաժեշտություն, ըստ էության, չկա։

 

«Բոլորն են Ապրիլյանի ժամանակ գնացել առաջնագիծ՝ ինչ-որ ձեւ աջակցելու, բայց որեւէ մեկը դա հերոսապատման դրվագ չի դարձրել, իսկ Բալասանյանը պատմում է, թե՝ ասացի՝ հրետանին հանեք՝ կրակեք, եւ այլն։ Այդպիսի բան չի կարող լինել, բանակից դուրս մարդը, նախկին զինվորականը չի կարող հրամաններ իջեցնել, դրանք էլ կատարվեն»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

 

Միեւնույն ժամանակ նա նշեց, որ Բալասանյանին քննիչ հանձնաժողով կանչելու անհրաժեշտություն գուցե տեսավ այն ժամանակ, երբ մի քանի օր առաջ լսեց նախկինում ընդդիմադիր հայտնի քաղաքական գործչի տեսակետ, ըստ որի՝ Բալասանյանին Ապրիլյանի հետ կապված պետք է տալ հերոսի երկրորդ կոչում․

 

«Ո՞ր հերոսության համար, եթե կապվում է Ապրիլյանի հետ, եթե հերոսապատում կա, եթե խնդիր է լուծվել, մենք կանչենք հանձնաժողով, բայց Բալասանյանն ասել է, որ չի պատրաստվում նույնիսկ իրավական հարթության մեջ գալ ՀՀ ԱԱԾ, կամ ՀՔԾ՝ հարցերի պատասխանելու, որովհետեւ Արցախի քաղաքացի է հանդիսանում։ Ես սա մի քիչ չեմ հասկանում»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ եթե անհրաժեշտ լինի՝ հրապարակային կդիմի Բալասանյանին, եւ եթե նա ասելիք ունենա, կասի, բայց ինքն այս պահին Բալասանյանին հարցեր չունի։

 

Անդրանիկ Քոչարյանը նաեւ հայտնեց, որ հանձնաժողովը հարցեր կտա Պաշտպանության բանակի ղեկավարությանը, եւ եթե պարզվի, որ Բալասանյանը, լինելով նախկին զինվորական, ինչ-որ հրամաններ է տվել պատերազմի ժամանակ, ապա կնշանակի՝ լուրջ խնդիրներ ենք ունեցել Պաշտպանության բանակի կառավարման մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ