Թափանցիկության առումով Երևանի քաղաքապետարանը վերջին հորիզոնականում է. Թրանսփարենսի Ինթերնեշնլ

Ս․թ․ հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել «Տեղեկատվության մատչելիությունը եվրոպական երկրների մայրաքաղաքներում» զեկույցի արդյունքների ներկայացում, որի ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի գրանցած արդյունքները և դրա թափանցիկության ու հաշվետվողականության մակարդակի բարձրացման հնարավոր ուղիները։ Միջոցառմանը մասնակցել են հասարակական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներ: 

 

Ուսումնասիրությունն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Սլովակիայի» համակարգմամբ իրականացվել է 26 եվրոպական երկրների մայրաքաղաքներում՝ 14 ցուցանիշներով, որոնք վերաբերում են տեղեկատվության հասանելիությանը, քաղաքապետարանների որոշումների ընդունման գործընթացին, ֆինանսական ռեսուրսների կառավարմանը, գնումների թափանցիկությանը, ավագանու նիստերի բովանդակության ու ընթացքի վերաբերյալ տեղեկատվության առկայությանը և ձևաչափին, ինչպես նաև ընտրված ներկայացուցիչների էթիկայի կանոններին: Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով հանդես է եկել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

 

Հետազոտության արդյունքները ներկայացրել է ԹԻՀԿ ծրագրերի մասնագետ-հետազոտող Միքայել Ավետիսյանը։ Ըստ բանախոսի` Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության կոնսորցիումը որոշել էր հետազոտություն իրականացանել տեղեկատվության մատչելիության վերաբերյալ: 

 

Մայրաքաղաքների հետազոտությունն իրականացվել է առանձին քաղաքների մակարդում, իսկ հետագայում գաղափար է ծագել համեմատական վերլուծություն կատարել` հասկանալու եվրոպական մայրաքաղաքների լավագույն փորձը։
 

Միքայել Ավետիսյանը նշել է, որ hետազոտությունն իրականացվել է քաղաքապետարանների պաշտոնական կայքերի տվյալների ուսումնասիրության հիման վրա, նաև հարցումներ են ուղարկվել քաղաքապետարաններ։ Ցուցանիշների համեմատաբար փոքր քանակի հաշվառմամբ՝ մայրաքաղաքների լիարժեք դասակարգում չի կատարվել: Փոխարենը քաղաքները բաժանվել են երեք՝ բարձր, միջին և ցածր արդյունքներ գրանցած  խմբերի։

 

Միքայել Ավետիսյանը ներկայացրել է Երևանի արդյունքները բոլոր14 ցուցանիներով: Երևանը հայտնվել է վերջին հորիզոնականում: Բանախոսը պարզաբանել է, որ հետազոտությունն իրականացվել է հետհեղափոխական շրջանում` հոկտեմբերից-դեկտեմբեր ամիսների տվյալների հիման վրա: Մինչդեռ այսօր քաղաքապետարանի կայքը բարելավվել է։ 

 

Հին ժողովրդավարություն հանդիսացող երկրի մայրաքաղաք Ստոկհոլմը ևս հայտնվել է ցածր միավորներ ունեցողների շարքում: Արևելաեվրոպական մայրաքաղաքների ցուցանիշերն ավելի բարձր են եղել: Բանախոսը սա բացատրել է նրանով, որ արևելաեվրոպական երկրներում նոր են ընդունվում թափանցիկության մասին օրենքներ, որոնք ավելի մեծ թվով պահանջներ են պարունակում՝ կոռուպցիայի բարձր մակարդակի հաշվառմամբ: Հետազոտության ներկայացմանը հաջորդել է քննարկում, որի ընթացքում Միքայել Ավետիսյանը և Սոնա Այվազյանը պատասխանել են մասնակիցների հարցերին:

 

Քաղաքականություն