Սանասարյանի կողմից տղային «վրաերթի» ենթարկելու մասին մայրը՝ այսօր հաղորդում է տվել ոստիկանություն

Սեպտեմբերի 12-ին Դավիթ Սանասարյանի կողմից (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) վրաերթի ենթարկված 9–ամյա երեխայի մայրը այսօր՝  հոկտեմբերի 15–ին հաղորդում է ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին։ 

 

Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ոստիկանությունից։ 

 

Վրաերթի ենթարկված երեխայի մոր փաստաբանը՝ Տիգրան Աթանեսյանը տեղեկացրել է, որ երեխային դատաբժշկի ուղեգիր կտրվի, ինչից հետո կորոշվի քրեական գործ հարուցել–չհարուցելու հարցը։

 

Հարցին, թե ինչու՞ է երեխայի մայրը որոշել դեպքից մեկ ամիս հետո հաղորդում ներկայացնել, փաստաբանը պատասխանեց.

«Հիմ են նպատակահարմար գտել, տեսել են անարդարության են բախվում որոշել են դիմել»,–ասել է նա։

 

Նշենք, որ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին ԶԼՄ-ներում և համացանցում տարածված հրապարակումների հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

Հիշեցնենք, որ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթը տեղի է ունեցել սեպտեմբերի 12–ին Կիևյան 4 հասցեում գտնվող բակերից մեկում։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ մայրը երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, ուր այցելել է նաեւ Դավիթ Սանասարյանը և տեղում պայմանավորվածություն ձեռք բերել բժիշկների հետ, որպեսզի դեպքի մասին չհայտնեն ոստիկանությանը, այսինքն՝ չգրանցվի որպես վրաերթ, այլ որպես բակում խաղալու ընթացքում ստացած վնասվածք:

 

Դավիթ Սանասարյանը նախ հերքել է իր մասնակցությունը վրաերթին՝  այն անվանելով «հերթական շառը», սակայն այն բանից հետո, երբ Analitik.am-ը հրապարակեց տեսանյութ, որտեղ 9–ամյա երեխան և նրա մայրը մանրամասներ են հայտնում դեպքի մասին, Սանասարյանն ըստ էության չթաքցրեց, որ կապ է ունեցել կատարվածի հետ։

 

Ըստ Սանասարյանի՝ երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռչելուց դիպչել է իր մեքենային և ընկել գետնին։ Նա նաև նշել է, որ մարդասիրությունից դրդված հետաքրքրվել է երեխայի առողջությունով, նրանց հետ երկու անգամ գնացել ԲԿ:

 

«Տեղեկացնում եմ, որ դրանից երկու օր անց, այդ կինը (երեխայի մայր) ինձանից 300.000 դրամ փող էր պահանջում, և սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ իր երեխային վրաերթի եմ ենթարկել, այն ժամանակ, երբ ինձանից լսեց, որ ոչ մի գումար էլ չեմ տալու, ասեց, որ լրատվամիջոցներին տեղեկացնելու է»,- գրել է Սանասարյանը:

 

Նախկին պաշտոնյան հայտարարել է, որ հաղորդում է ներկայացնելու հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով։

 

Քաղաքականություն