ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյան. Իմ խոսքը «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» տնտեսական համաժողովին
Սասունիկ համայնքում մեկնարկեց «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը, որին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, կառավարության ներկայացուցիչներ, գործարարներ, օտարերկրյա ներդրողներ և այլ հյուրեր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովում ելույթ ունենալով, նշեց, որ համաժողովը լավ առիթ է՝ խոսելու տնտեսական իրավիճակի մասին: Նա ընդգծեց՝ 2019 թ. առաջին տնտեսական ամբողջական տարին է, որտեղ այս կառավարությունը հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հանդիսանում է տնտեսական իրավիճակի քաղաքական պատասխանատուն: Նա խոսեց մի քանի փաստերի մասին:
Վարչապետը նշեց՝ այս տարի, ըստ ամենայնի, կունենանք մոտ 7 տոկոս տնտեսական աճ, ինչը չափազանց կարևոր է. սա բավական բարձր ցուցանիշ է ԵՏՄ տարածքում և ընդհանրապես ամբողջ եվրոպական տարածքում:
«Հասկանալի է, որ մեր բազան շատ ցածր է, դա այն ցուցանիշը չէ, որից պետք է շատ երջանիկ զգանք մեզ: Այս տարվա տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս՝ այն տնտեսական ամբիցիաները, որ մենք ունենք և ձևակերպել ենք, իրական են և կարող են դառնալ իրականություն»,- ասաց նա:
Փաշինյանը հայտնեց, որ 2019 թ. համեմատությամբ 4 տարվա ընթացքում ֆինանսական միջոցների հասանելիության 3 տոկոս կրճատում է եղել, այսինքն՝ այդքան տոկոս բարելավում ունեցանք: Նա կարևորեց Հայաստանը վերափոխող մեգանախագծերի ստեղծումը, ասաց, որ այսօր դրանց համար ֆինանսական հնարավորություն կա:
«Հայաստանի Հանրապետությունն այս տարի կամփոփի միջազգային պահուստների առումով պատմական ռեկորդային ցուցանիշով: Մենք կունենանք Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը: Սա նույնպես կարևոր արդյունք է, որը վկայում է նաև մեր երկրի ֆինանսական համակարգի կայունության մասին»,- ասաց վարչապետը:
Նա տեղեկացրեց՝ շուկայում առաջին երեք եռամսյակների տվյալներով՝ Կենտրոնական բանկն իրականացրել է 433 մլն դոլարի գնում, այսինքն՝ Հայաստանի շուկայում առաջին 9 ամիսների արդյունքներով 433 մլն դոլար հավելյալ արտարժութային միջոցներ են հայտնվել: Սա, ըստ Փաշինյանի, կապված է հիմնականում զբոսաշրջության աճի հետ և չափազանց մեծ և նոր հնարավորություններ է բացում Հայաստանի քաղաքացիների համար:
Փաշինյանն ասաց, որ եվրոբոնդերի թողարկումից հետո միջազգային տնտեսական հանրության գնահատումներով Հայաստանի ռիսկայնությունը կիսով չափ կրճատվել է, ինչը Հայաստանում տնտեսական միջավայրը դարձնում է ավելի բարենպաստ:
«Ես սա չեմ ուզում ձևակերպել որպես հաջողություն, որովհետև հաջողություն ասելով՝ մենք բոլորովին այլ բան նկատի ունենք, մենք սա դիտարկում ենք որպես հնարավորություն»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: