«100 դրամով այլևս հնարավոր չէ աշխատել. պարզապես պետք է տղամարդկություն ունենան, կանգնեն, ժողովրդին ասեն». Հրանտ Եղիազարյան

Այս իրավիճակում քաղաքապետարանի կողմից Երևանի հասարակական տրանսպորտում ստուգայցերը քաղաքային իշխանությունների ոչ պրոֆեսիոնալիզմի վկայությունն է: 100 դրամով մարդիկ չեն կարողանում եղածը պահել, մի հատ էլ ստուգայցեր են անում: Այս մասին Tert.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: 
Ըստ նրա՝ ստուգայցերը և որոշ մեքենաներ երթուղուց դուրս բերելը ավելի աղետալի կդարձնեն հասարակական տրանսպորտի վիճակը: 
«Մի երթուղի եթե սպասարկվում է 10 մեքենայով, 3-ը հանում եք, մնում են 7-ը, իսկ այդ 3 մեքենայի ուղևորները ստիպված պետք է օգտվեն մնացած 7-ից: Այդ 7-ի վրա ծանրաբեռնվածությունն ավելի է մեծանում, և խնդիրները մեծանում են՝ ավելի հաճախ է փչանալու»,- նշել է Հրանտ Եղիազարյանը: 
Հրանտ Եղիազարյան նշում է, որ նոր տրանսպորտային ցանցի ներդրման ժամանակ անխուսափելի է ուղեվարձի թանկացումը, բայց մինչ այդ էլ, նրա կարծիքով՝ պետք է բարձրացում լինի, որպեսզի հնարավոր լինի ներկայիս շարժակազմի շահագործումը: 
ՙՊարզապես պետք է տղամարդկություն ունենան, կանգնեն, ժողովրդին ասեն, որ 100 դրամով այլևս հնարավոր չէ աշխատել: Ասեն՝ խնդրում ենք, մեր արածների համար մեզ կներեք: 2013 թ.-ին փոխադրողները, որ ասում էին՝ եկեք անցնենք ուրիշ ուղեվարձի, իրենք ասում էին՝ ոչ, 100 դրամն էլ է շատ, և այդ ոչ ասողները հիմա նստած են քաղաքապետարանի ղեկավար կազմում: