ՔԿՀ-ում կանխվել է ձկան թելի միջոցով թմրամիջոցի փոխանցումը

ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աչալրջության շնորհիվ կանխվել է քրեակատարողական հիմնարկի տարածք արտանետված թմրամիջոցներով փաթեթի փոխանցումը դատապարտյալների խուց:

 

 Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

 

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի մասնաշենքի 3-րդ հարկում տեղակայված թիվ 29 խցի դատապարտյալների կողմից ձկան թելով կապված եւ արգելապատնեշից դուրս նետված հանգույցին անհայտ անձինք ամրացրել են փաթեթ, որն այնուհետ արտանետել են հիմնարկի տարածք: Մինչ թիվ 29 խցի դատապարտյալները ձկան թելին ամրացրած փաթեթը փորձել են ներքաշել խուց, հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատակիցները նկատել են գործողությունը եւ կանխել փոխանցումը։

 

Փաթեթում առկա են եղել բուպրենորֆին տեսակի թմրամիջոց հիշեցնող, «B8» մակնշմամբ 3 դեղահաբ եւ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 54 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված: Ըստ նախնական վարկածի՝ փաթեթը նախատեսված է եղել 3 հոգու համար: 

 

Դեպքի վայրից վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող, 20 մետր երկարությամբ ձկան թելը՝ ծայրին ամրացված փայտե կտոր, որը պատված է եղել քաշ ապահովող հացի խմորով։ Բացի այդ՝ նույն խցի չնախատեսված խուզարկությամբ հայտնաբերվել են նաեւ 1 ներարկիչ, 1 զույգ ականջակալ եւ հեռախոսի լիցքավորման 1 սարք։

 

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: