Ռոստովի հիվանդանոցներից մեկի վերկակենդանացման բաժանմունքում գտնվող հայ տղային բժիշկները ծեծում են
Դոնի Ռոստովում աշխատող ուզբեկստանցի հայ Ռոման Բաբայանը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում այն բանից հետո, երբ պատահմամբ հոսանքը խփել է նրան աշխատանքի վայրում։
Նրան հասցրել են թիվ 2 շտապօգնության հիվանդանոցի այրվածքների բաժին։ Բայց, Ռոման Բաբայանի ընկերոջ՝ Արզու Նաբիեւի խոսքով՝ ոչ միայն Ռոստովի հիվանդանոցի բժիշկները, այլեւ գործատուն չեն հետաքրքրվում տուժածին օգնություն ցուցաբերելու հարցով։
Ինչպես հավաստիացնում է Արզու Նաբիեւը, վերակենդանացման բաժանմունքում գտնվող Ռոման Բաբայանը բռնության է ենթարկվել բժիշկների կողմից։ Նա նաեւ ասել է, որ Բաբայանին չեն կերակրում, եւ մթերքները, որ ինքը տարել է ընկերոջը, փչացել են։
«Ընկերս պատմեց, որ երազ է տեսել, թե ինչպես է այրվում իր մահճակալը, եւ սկսել է գոռալ ու օգնություն կանչել։ Հետո նա մահճակալից ցատկել է հատակին, բայց նրան շարժվել չի կարելի։ Բժիշկը մոտ է վազել եւ սկսել ծեծել նրան։ Սանիտարուհիները անկողինը փոխել են, բայց ես տեսա, որ ներքնակին արյուն էր մնացել։ Ես կանչեցի հերթապահ բժշկին եւ բացատրություններ խնդրեցի։ Նա ասաց, որ պացիենտը խելքը թռցրել է։ Բժիշկն իմ ներկայությամբ գոռաց Ռոմանի վրա եւ ասաց, որ բաներ չհորինի ու պատմի ուրիշներին»,- «161.RU» պարբերականին ասել է Արզու Նաբիեւը։
Նաբիեւը փորձել է նկարահանել Ռոմանի պատմածը, բայց բաժանմունքում պատահածից հետո հայտարարություն են կախել, թե տեսանկարելն արգելված է։ Ընկերոջ խոսքով՝ բժիշկներն անմիջապես Ռոմանին միջանցքում են պառկեցրել։ Նաբիեւը ստիպված է գրեթե ամեն օր ընկերոջն ուտելիք բերել։
Նրա խոսքով՝ հիվանդանոցում Ռոմանին չեն կերակրում՝ դա բացատրելով նրանով, որ չեն կարող հասցնել հետեւել բոլոր հիվանդներին։
Իր հերթին, այրվածքների բաժանմունքի վարիչ Հարություն Դոմբաեւն ասել է, որ հիվանդանոցը դեռեւս երբեք չի բախվել նեգատիվի այսչափ քանակության սոցցանցերում, իսկ Արզու Նաբիեւը, որը ներկայացել է որպես նրա եղբայր, թե զարմիկ, ամեն ինչ հորինում է։
Ըստ Դոմբաեւի՝ Արզուն նրա խոսակցությունները ձայնագրում է եւ նկարում հիվանդանոցի աշխատակիցներին տեսախցիկով, ինչից հետո այնպես է մոնտաժում դրանք, ինչպես իրեն հարմար է։
Պարբերականը կապ է հաստատել նաեւ Բաբայանի գործատուի՝ Ռոստիսլավ Սնոպիկովի հետ, որն ասել է, որ Արզու Նաբիեւը փորձել է վիրահատության համար դրամ շորթել ընկերությունից 500 հազար ռուբլու չափով։ Նա նաեւ նշել է, որ չի հրաժարվում օգնություն ցուցաբերել եւ արդեն փոխանցել է 50 հազար ռուբլի Ռոմանի բուժման համար։