Երևանում օրենքով սահմանափակվում է զվարճանքի և ժամանցի մի քանի վայրերի գործունեությունը
Առեւտրի եւ ծառայությունների մասին ՀՀ օրենքով սեպտեմբերի 26-ից սահմանափակվել է զվարճանքի եւ ժամանցի որոշ օբյեկտների գործունեությունը: Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում սնկի պես աճող այդ հաստատությունները տասնամյակներ շարունակ քաղաքի բնակիչների համար իսկական գլխացավանք էին դարձել:
«Ուսումնասիրել ենք երկար տարիների ընթացքում բնակիչների բողոքները, նաեւ ուսումնասիրել ենք այդ բողոքների հիմքերը, եւ պարզվել է, որ շատ հաճախ մասնավորապես զվարճանքի օբյեկտները գիշերային ժամերին իրենց տեղակայումով, գտնվելով բազմաբնակարան շենքերի տակ, խաթարում են բնակիչների հանգիստը եւ շատ հաճախ նույնիսկ հանդիսանում քրեածին իրավիճակի պատճառ:
Վաղուց հասունացել էր անհրաժեշտությունը՝ ընդունելու սահմանափակման ենթակա օբյեկտների մասին դրույթը եւ Ազգային ժողովը 2018թ. սեպտեմբերին ընդունեց սահմանափակման ենթակա օբյեկտներին վերաբերող օրենքը»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:
Դիսկոտեկներ, կարաոկեներ, հեստապարային ակումբներ ու շոգեբաղնիքներ: Հիմնականում սրանք են այն օբյեկտները, որոնք ընդգրկված են սահմանափակման ենթակա հաստատությունների ցանկում:
«Բազմաբնակարան շենքերի տակ կամ դրանց տարածքում, պետական կամ տեղական ինքնակառավարաման մարմինների վարչական շենքերում, բժշկական, կրթական եւ պատմամշակութային հաստատություններում գտնվող զվարճանքի օբյեկտները օրենքի ուժով դուրս են գալիս տվյալ շինությունների տարածքներից»,-ասել է Հովիկ Սաֆարյանը:
Կեսգիշերն անց նման հաստատությունների գործունեությունը իրավախախտման բազմաթիվ դեպքերի պատճառ է դարձել: ՀՀ ոստիկանության տվյալներով՝ այս տարվա 9 ամսվա ընթացքում արձանագրվել է 563 իրավախախտում:
«Տարբեր դեպքեր են լինում, քանակն իհարկե մեծ է, որը բնակչության դժգոհությունն է առաջացնում: Լինում են եւ իրավախախտումներ, օրինակ, լռության կանոնների խախտմանն առնչվող, լինում են նաեւ հանցագործություններ. խուլիգանություններ, մարմնական վնասվածքներ նաեւ ծանր մարմնական վնասվածք: Այսինքն, նշված հատվածներում տնտեսվարողներն իրենց գործունեությունը ծավալելիս խախտումները եւ հանցագործությունները ծնող պայմաններ են ստեղծում»,- ասել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը:
«Գիշերային օբյեկտներ ենք այցելել եւ ինքներս համոզվել, որ այդ հաստատություններն աշխատում են օրենքի կոպիտ խախտումով. շատ հաճախ աշխատում են որպես ֆիզիկական անձ՝ չունենալով պետական գրանցում, հարկային օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով»,- հավելել է է առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը:
Օրենքի խստացմանը զուգահեռ՝ տնտեսվարողներին, ի դեպ, առաջարկվում է այդ վայրերում փոխել գործունեության տեսակը, որը չի խաթարի համակեցության կանոններն ու չի հակասի օրենքին: Բացի այդ, Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչությունը ավագանու քննարկմանը կներկայացնի որոշման նախագիծ:
«Նաեւ հաշվի ենք առել տնտեսվարողների շահերը, որպեսզի տնտեսվարողները չզրկվեն նման գործունեություն ծավալելու իրենց իրավունքից. տրվում է հնարավորություն այդ գործունեությունը ծավալել որոշակի հեռավորության վրա: Մասնավորապես, մեր կողմից նախապատրաստվում է ավագանու որոշման նախագիծ, որով առաջարկվում է օբյեկտները տեղավորել 100մ հեռավորության վրա»,- նշել է Հովիկ Սաֆարյանը:
Հետեւողական պայքարի ու օրենքի խստացման շնորհիվ որոշ օբյեկտներ արդեն իսկ փոխել գործունեության վայրը կամ դադարեցրել գործունեությունը: