Կոնգրեսը պաշտոնապես սկսել է Թրամփի իմպիչմենթի գործընթացը

ԱՄՆ-ի Սպիտակ տունը չորեքշաբթի օրը հրապարակեց նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նրա պաշտոնակից Վոլոդիմիր Զելենսկիի միջեւ հուլիսի 25-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի տեքստը։ Հիշեցնենք, որ այս հեռախոսազրույցի պատճառով են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները նախատեսում անվստահության քվե հայտնել Թրամփին։ Ներկայացված տեքստի համաձայն, Թրամփն, այո, խնդրել է Զելենսկիին հետաքննություն սկսել, պարզելու համար, թե իրոք Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդընը չի փակել ուկրաինական այն ընկերության դեմ սկսված հետաքննությունը, որի համար աշխատել է իր որդին։ Դեմոկրատներն այժմ մեղադրում են Թրամփին Բայդընի ընտրվելու հնարավորություններն այս եղանակով վնասելու փորձերի մեջ։

Ըստ երկու նախագահների միջեւ հեռախոսազրույցի տեքստի, Թրամփը Զելելնսկիին ասել է. ՝՝Բայդընը ժամանակին շատ էր պարծենում, որ ինքը դադարեցրել է դատական հետապնդումը։ Հիմա շատերն են ուզում պարզաբանումներ այդ մասին։ Այնպես որ, ինչ էլ այդ ուղղությամբ դուք հիմա անեիք գլխավոր դատախազի հետ, մեծ օգնություն կլիներ՛՛։

Թրամփը հերքում է դեմոկրատների այն մեղադրանքները, որոնց համաձայն ինքը կասեցրել է Ուկրաինայի համար նախատեսված ամերիկյան ռազմական օժանդակությունը, քանի դեռ չի ստացել այնպիսի տեղեկություններ, որոնք կսեւացնեին դեմոկրատ թեկնածուին։

Իր նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու մասին Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի կողմից արված հայտարարությունից մի քանի րոպե անց Թրամփը հանդես եկավ թվիթերյան մի քանի գրառումներով, որոնց համաձայն, ՝՝անտեսելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս օրերին ընթացող կարեւոր իրադարձությունները, դեմոկրատները նորից սկսել վհուկաորս՛՛։ Իսկ մինչեւ հեռախոսազրույցի սղագրության հրապարակումը, Թրամփն ասել էր, թե ՝՝կտեսնեք, որ ի տարբերություն Ջո Բայդընի ու նրա որդու հետ կապված պատմությանը, այստեղ չկա ես քեզ, դու ինձ տարբերակը՛՛։

Քաղաքականություն