48 մլն դրամ հափշտակություն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման գործընթացում
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված՝ 2007-2015թթ. ընթացքում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման շինարարական աշխատանքների ուսումնասիրությունների վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Պարզվել է, որ շինաշխատանքներն իրականացվելուց հետո ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը շահագործման է ընդունել 2016թ. հունվարի 20-ին։
Նախագծա-նախահաշվային աշխատանքների իրականացման նպատակով 2006թ. հայտարարված մրցույթի ժամանակ հաղթող ճանաչված ՍՊԸ-ին մատուցած ծառայությունների դիմաց պետական բյուջեից վճարվել է 119․000․000 ՀՀ դրամ, իսկ շինարարական աշխատանքները կատարած ընկերությանը՝ 9․827․762․139 ՀՀ դրամ։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի 2019թ. հուլիսի 20-ի հրամանով ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով, որը կատարել է քրեակատարողական հիմնարկում փաստացի գույքագրում և նախագծա-նախահաշվային ու հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համադրում: Արդյունքում պարզվել է, որ «Արմավիր» ՔԿՀ մասնաշենքում տեղադրված դռները, մոնտաժված պոմպերը, ջրատաքացուցիչ կաթսաները չեն համապատասխանում նախագծա-նախահաշվային փաստաթղթերում, պայմանագրերում, համաձայնագրերում, միավոր արժեքների հաշվարկներում և կատարողական ակտերում արտացոլված տվյալներին:
Ընդ որում, միայն հիմնարկի խցերում տեղադրված հատուկ փականներով համալրված դռների մասով առերևույթ պետությանը պատճառված վնասը կազմել է մոտ 48մլն ՀՀ դրամ։
Փաստական տվյալները վկայում են, որ շինարարական աշխատանքները կատարած ընկերության աշխատակիցները թերի են կատարել աշխատանքները. տեղադրվել է նախագծա-նախահաշվային փաստաթղթերով սահմանված որակին չհամապատասխանող գույք, իսկ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության իրավասու պաշտոնատար անձինք, ըստ էության, կազմված կեղծ կատարողական ակտերով ընդունել են չկատարված, նախագծա-նախահաշվային փաստաթղթերով սահմանված որակին չհամապատասխանող աշխատանքները:
Նկատի ունենալով, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացված ուսումնասիրությունների կապակցությամբ կազմված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշների պարունակող տվյալներ՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շինարակական աշխատանքներ իրականացրած ընկերության աշխատակիցների առերևույթ խարդախությամբ ՀՀ պետական բյուջեից առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության իրավասու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով:
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: