Քոչարյանի պաշտպանական կողմը թաքցրել է ավիատոմս պատվիրելու հանգամանքը

Մեղադրող կողմը անհիմն է համարում պաշտպանական կողմի՝ ՀՀ երկրորդ նախագահին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Այսօրվա դատական նիստի ժամանակ պետական մեղադրող Պետրոս Պետրոսյանը, դիմելով դատարանին, նշեց՝ կրկին վիճարկում են այն հանգամանքը, որ խափանման միջոց կալանքը վերացնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը ոչ մի գործողություն չի ձեռնարկել՝ քննությունից թաքնվելու և քրեական գործով անցնող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու ուղղությամբ:

 

Պետրոսյանն ասաց՝ երկրորդ նախագահի կալանավորումը վերացնելուց հետո, երբ նշվում է, որ վերջինս, առողջական խնդիրներով պայմանավորված, դիմել է վարույթն իրականացնող մարմնին՝ երկրից բացակայելու թույլտվություն ստանալու համար, այն հանգամանքը, որ ամրագրված ավիատոմսերը չեղարկվել են վարույթն իրականացնող մարմնից բացասական պատասխան ստանալուց հետո, պետք է մեկուսի չդիտարկել:

 

«Ավիատոմսեր ամրագրելու հանգամանքը մեզ հայտնի է դարձել այլ աղբյուրներից, ոչ թե իրենք են ներկայացրել, որ արդեն իսկ պատվիրված են եղել: Դա գնահատելով որպես թաքնվելու փորձ՝ վարույթ իրականացնող մարմինը ինքն է նախաձեռնել 2018 թ. սեպտեմբերի 4-ին կիրառել խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին»,- ասաց նա:

 

Պետրոսյանը նաև նկատեց՝ Ռոբերտ Քոչարյանը երբևէ չի կանխատեսել, որ կարող է այդ կարգավիճակում հայտնվել, դա երևում է դատարանում նրա արած հայտարարություններից: