ՊԵԿ-ը հորդորում է մաքսային ձևակերպում ստացած ավտոմեքենաները 48 ժամում դուրս բերել մաքսատնից
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խիստ հսկողությունը Արարատյան մաքսատուն–վարչության բացթողնման թիվ 2 բաժնի կողմից վերահսկվող մաքսային հսկողության գոտու տարածքում (Նորագավիթի ավտոմաքսատանը) տեղակայված՝ մաքսային ձևակերպումներ ստացած ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այստեղ կուտակված ավտոմեքենաների մի մասը դեռ պետք է մաքսային ձևակերպումների փուլն անցնի, իսկ մյուս մասը, թեպետ արդեն մաքսային ձևակերպում ունի, սակայն սեփականատերերը չեն շտապոււմ մեքենաները դուրս բերել ավտոմաքսատան տարածքից։
ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի և «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 122-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն, մաքսային ձևակերպումների ավարտից հետո բաց թողնված տրանսպորտային միջոցները խելամիտ ժամկետում (48 ժամվա ընթացքում) պետք է դուրս բերվեն մաքսային հսկողության գոտու տարածքից:
Մաքսային ձևակերպումների իրականացման արդյունքում բաց թողնված ավտոտրանսպորտային միջոցների պահպանման համար մաքսային հսկողության գոտին չի կարող օգտագործվել որպես պահեստ կամ կայանատեղի։
Նորագավիթի ավտոմաքսատանն օրական մաքսային ձևակերպում է ստանում 550-ից 600 ավտոմեքենա, և երբ քաղաքացիները տարբեր պատճառներով մեքենան տևական ժամանակ թողնում են մաքսային հսկողության գոտում, եղածին ավելանում են նորերը՝ ստեղծելով նման իրավիճակ։
Դրանից խուսափելու միակ ճանապարհը մաքսային ձևակերպում ունեցող մեքենաները տարածքից ժամ առաջ հանելն է, որպեսզի մյուսները ևս կարողանան առանց խոչընդոտների անցնել մաքսային ձևակերպման ընթացակարգը: Վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ այժմ Նորագավիթի ավտոմաքսատան տարածքում մաքսային ձևակերպում ստացած 80-ից 100 տրանսպորտային միջոց ենթակա է դուրս բերման մաքսային հսկողության գոտուց:
Պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է նախկինում մաքսային ձևակերպում ստացած և այսուհետ մաքսային ձևակերպում ստացող ավտոմեքենաների սեփականատերերին 48 ժամվա ընթացքում իրենց մեքենաները դուրս բերել մաքսային հսկողության գոտուց (Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից), այլապես նշված մեքենաները մաքսային հսկողության գոտուց ՊԵԿ-ը դուրս կբերի իր միջոցներով։