ՏԵՍԱՆՅՈՒԹ. factor.am. Ցինիզմն ու ստախոսությունը առողջապահության ոլորտում տեղ չունեն․ Արմեն Մուրադյանը՝ Արսեն Թորոսյանին
Պետական պաշտոնյայի հոգեկան անդորրը պետք է ավելի խաղաղ լինի և ճշմարտախոսությունը պետք է անպակաս լինի: factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊԲՀ ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն պնդումներին, որ ուռուցքաբան Գևորգ Թամամյանն իր դեմ է դուրս եկել Արմեն Մուրադյանի ուղղորդմամբ: «Գևորգ Թամամյանը պայծառ, ճշմարտախոս, ազատամիտ, բացառիկ բժիշկ է: Նա ունի իր ձևավորված կարծիքը և չի կարող այնպիսի դրսևորում լինել, որ իր ընկերոջ կամ իր ուսուցչի կարծիքով կարծիքներ ձևավորի: Պետք չի բոլորին համատեղ վիրավորել, պետք է քննադատությունը լսել ադեկվատ»,- ասաց Արմեն Մուրադյանը: Մեր հարցին՝ ինչո՞ւ է նախարարը Գևորգ Թամամյանին և իրեն կապում միմյանց հետ, Արմեն Մուրադյանն ասաց, որ ուռուցքաբանն իր ընկերն է, դասախոսում է բժշկական համալսարանում: «Վերջին օրերի իրադարձությունները վկայում են ստաբուժությանը ոչ ասելու մասին»,- նշեց ռեկտորը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հիշեցնենք, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր, որ Արմեն Մուրդայանը վտանգներ է տեսնում պաշտոնը կորցնելու, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ Գևորգ Թամամյանի միջոցով նման գործողությունների դիմի: Այս հայտարությանն ի պատասխան՝ Արմեն Մուրադյանն ասաց. «Ես երբեք որևիցե պաշտոնից կառչած չեմ եղել: Եթե բաց քննարկում է գնում, թե ինչ է կատարվում իմ և պարոն Թորոսյանի միջև, եթերում կարող եմ հայտարարել. այս կենտրոնի հետ կապված մեկ տարի առաջ եղել է քննարկում և եղել է անթույլատրելի բառակապակցություն: Պարոն նախարարը հայտարարեց՝ «Հիսուն հոգի եղել են հաշմանդամ, հիսուն հոգին էլ մեռնելու են հաշմանդամ: Ինչո՞ւ եք այդքան փող ծախսել»: Որից հետո մեր խոսակցությունն ընդհատվել է: Ես չեմ կարծում, որ ցինիզմը, ստախոսությունը և ոչ ադեկվատ քննադատությունները կարող են տեղ գտնել առողջապահության համակարգում»: Հստակեցնող հարցին, թե Արսեն Թորոսյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող անձանց մասի՞ն է նման կերպ արտահայտվել, Արմեն Մուրադյանն ուղիղ պատասխան չտվեց: Հիշեցնենք, որ այսօր պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում նախատեսված էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը, որը, սակայն, խափանվեց: Պատճառն այն էր, որ արյունաբան, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը փորձեց լրագրողների փոխարեն հարցեր տալ նախարարին: Սա պատճառ դարձավ, որ Թորոսյանը հեռաանա մամուլի ասուլիսի սրահից: Նախարարն ավելի ուշ ֆեյսբուքի միջոցով հայտարարեց, որ Գևորգ Թամամյանի գործողությունները կազմակերպված էին Արմեն Մուրադյանի կողմից: Մանրամասները՝ տեսանյութում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/180105.html