
Թրամփն օգնություն է առաջարկել Բրազիլիային մոլորակի «թոքերը» փրկելու հարցում

Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցություն ցուցաբերել Բրազիլիային Ամազոնի անտառային հրդեհների մարման հարցում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Հենց նոր խոսեցի Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ: Մեր առևտրային հեռանկարն ապշեցուցիչ է, իսկ մեր երկրների միջև հարաբերություններն ամուր են, հնարավոր է՝ ավելի ամուր, քան երբևէ: Ես ասացի նրան, որ ԱՄՆ-ն կարող է օգնել Ամազոնի անտառային հրդեհների հարցում, մենք պատրաստ ենք օգնել»,- Twitter-ում գրել է Թրամփը:
Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում հրդեհը շարունակվում է արդեն 1 շաբաթից ավելի և ավելի շատ տարածքներ ընդգրկում: Բազմաթիվ երկրներ կոչ են արել փրկել ու պաշտպանել մոլորակի «թոքերը»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անտառային հրդեհները միջազգային ճգնաժամ է անվանել և մեղադրել Բոլսոնարուին կլիմայի հարցում պարտավորությունները չկատարելու համար: