Ժամանակն է վերջ տալ մի խումբ մարդկանց կողմից իրականացվող ապօրինությանը. Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչները բաց նամակ են հղել վարչապետին

Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչները բաց նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 

 

«Մեծարգո Պարոն Վարչապետ,

 

Մեկ տարուց ավելի է, ինչ մենք՝ Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներս Ամուլսարի շուրջ տիրող ապօրինության զոհ ենք: Մի խումբ  մարդիկ արդեն մեկ տարուց ավելի հանդես են գալիս համայնքների անունից՝ Լիդիանին դուրս մղելու իրենց ցանկությունը ներկայացնելով որպես ողջ համայնքի ցանկություն: Ցանկացած մարդ ունի կարծիք ունենալու իրավունք: Բայց հավասար իրավունքների երկրում, մարդկանց մի խումբն իրավունք չունի օրենքը շրջանցելով, ագրեսիայով  ու համայնքը ահաբեկելու ճանապարհով հասնել իր նպատակներին՝ ոտնահարելով մյուսների իրավունքները:

Տարիներ շարունակ տարբեր շահեր հետապնդող մարդիկ տարածել են պատմություններ Ամուլսարի «վտանգների» մասին: Մեզանից շատերը որըս՝ Ամուլսարի շինարարության վրա աշխատելով, որըս՝ մասնագետների հետ խոսելով՝ որըս համացանցը ուսումնասիրելով համոզվել ենք, որ Լիդիանը կառուցում է ամենաորակյալ ու ամենաանվտանգ հանքը Հայաստանում: Չնայած դրան, այս մարդիկ արդեն մեկ տարի զրկել են մեզ՝ օրենքով գործող ընկերությունում աշխատելու, կամ Ամուլսարի շնորհիվ մեր փոքր բիզնեսը զարգացնելու ու արժանապատիվ ապրելու հնարավորությունից: Այս ընթացքում մեր տեսակետը արտահայտելու, Ամուլսարի հանքին կողմ խոսելու ցանկացած փորձ հանդիպել է ճանապարհները փակողների և նրանց հովանավորների փոքրաթիվ, բայց լծակներ ունեցող խմբի կողմից տարբեր ճնշումների: Իսկական վախի մթնոլորտը Ջերմուկում և Գնդեվազում հենց այս ամիսներին է եղել:

 

Կառավարությունը, ինչպես և խոստացել էր, իրականացրեց Ամուլսարի նոր փորձաքննությունը, որը հաստատեց մեր այն համոզմունքը, որ մեր հողին ու ջրին ոչինչ չի սպառնում: Բայց ճանապարհները փակողների փոքրաթիվ խումբը շարունակում է համայնքի անունից հանդես գալով իրականում պաշտպանել ինչ-ինչ խմբերի շահեր, բացարձակ չկարևորելով բնապահպանական դրական փորձաքննությունը: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ամուլսարի փակ ճանապարհների հետևում ոչ մի բնապահպանական խնդիր չկա և ուրիշ շահեր են խառնված:

 

Պարոն Վարչապետ,

Մեր համայնքները հայտնվել են ամենածանր սոցիալական վիճակում, կան հարյուրավոր արտագաղթածներ: Մենք չունենք մեր ընտանիքները կերակրելու միջոցներ, մինչդեռ այս ընթացքում Ամուլսարի ճանապարհները փակողները խնդիր չունեն իրենց ընտանիքի ծախսը հոգալու հարցում: Ինչպե՞ս է սա հնարավոր իրավական երկրում:

 

Ժամանակն է վերջ տալ մի խումբ մարդկանց կողմից իրականացվող ապօրինությանը: Նրանք չեն ներկայացնում ու երբեք չեն ներկայացրել համայնքի տեսակետը: Դրա լավագույն ապացույցը նրանց կողմից կազմակերպող հանրահավաքներն են, որոնց լավագույն դեպքում մի քանի տասնյակ մարդ է մասնակցում: Մենք ենք համայնքը և մեր իրավունքները չպետք է ստորադասվեն ավելի բարձր գոռացող մարդկանց խմբի շահերին: Ամեն ինչ պետք է լուծվի  օրենքով և մեր համայնքներում արդեն մեկ տարի ձգվող այս ամենաթողության մթնոլորտը պետք է օր առաջ վերանա»: