Վարդան Սրմաքեշի խորհուրդը՝ աշխատանքից ազատված գյումրեցի կանանց․ դիմեք դատարան
Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, այսօր տեղի է ունեցել Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայի վերագործարկման արարողությունը:
Գործարանի համասեփականատերերից մեկը շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշն է, որը Մարալիկում լրագրողների հարցերին է պատասխանել: Անդրադարձել է Գյումրիի «Սաստեքս» ընկերության աշխատակիցների բողոքներին:
Հիշեցնենք` «Սաստեքս» ընկերության աշխատակիցները դժգոհում էին աշխատավարձի չափից ու աշխատանքային պայմաններից, իսկ բողոքող շուրջ 70 աշխատակից աշխատանքից ազատվել է:
Վարդան Սրմաքեշը նշել է, որ աշխարհի բոլոր երկրներում էլ գործատու-աշխատակից հարաբերություններում կոնֆլիկտներ կան, ու Հայաստանը բացառություն չէ:
«Ես ապրում են Շվեյցարիայում և կարող եմ ասել, որ Շվեյցարիայում, Ֆրանսիայում ամեն օր նման կոնֆլիկտներ կան: Լինում են կոնֆլիկտներ, հետո հարթվում են: Ես իմացել եմ գործարանի համասեփականատեր Քրիստիան Գելեջիից, որ այդ կանայք կարի սպեցիֆիկ տեխնոլոգիային չեն տիրապետել: Նա նրանց վարժեցրել է, գումար է վճարել: Հետո տեսա, որ այնտեղ 60 հոգի աշխատում է, պրոբլեմ չկա: Այստեղ կանոնի երկիր է: Իսկապես, եթե խախտումներ կան, կգնան, դատի կտան: Այսպես է հարցը»,- ասել է Վարդան Սրմաքեշը:
Ըստ նրա` այժմ «Սաստեքսում» ամեն ինչ նորմալ է, 60 աշխատակից է աշխատում: Նրանց, ովքեր կարծում են, որ իրենց իրավունքները խախտվել են, Սրմաքեշը խորհուրդ է տվել դիմել դատարան: