Մարտի 1-ին տուժածներին 5-30մլն դրամ կտրամադրեն․ կառավարության որոշում
Կառավարությունը հավանություն տվեց «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծին:
«Շատ կարեւոր որոշում է, բայց այն շատ բազմաթիվ նրբերանգներ ունի եւ շատ նուրբ հարց է: Ես ուզում եմ արձանագրել հետեւյալը, որ այս որոշմամբ սահմանված չափերը որեւէ ձեւով չեն նշանակում փոխհատուցում: Այսինքն, մասնավորապես, սրանով, կներեք կոպիտ ձեւակերպման համար կյանքի գին չի որոշվում Հայաստան քաղաքացու: Սա ընդամենը ձևակերպվում է որպես աջակցություն: Մենք բավականին նուրբ իրավիճակում ենք այն առումով, որ… Դուք բոլորդ տեղյակ եք, որ ես ինքս էլ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններում ներգրավված եմ եղել եւ մասնակից եմ եղել: Եւ այստեղ շատ կարեւոր է, որ մենք ոչ թե էմոցիոնալ, այլ բալանսավորված որոշումներ կայացնենք: Մենք քննարկումների առումով , նաեւ հիմնվելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Հայաստանի կապակցությամբ կայացված մի շարք նախադեպային որոշումների վրա, կայացրել ենք այսպիսի որոշում այս փուլի համար, եւ իմ պատկերացումն այն է, որ այս հարցերը վերջնական լուծում ստանան ՄԻԵԴ-ում, այսինքն փոխհատուցման հարցը եւ չափը ՄԻԵԴ-ը, որպեսզի ներհայաստանյան համակարգերում մենք շատ նուրբ իրավիճակները հաղթահարելու հնարավորություն ունենանք: Սա ասում եմ նրա համար, որ այս որոշմամբ մենք չենք փոխհատուցում, մենք աջակցություն ենք տրամադրում տուժած քաղաքացիներին: Փոխհատուցումը այլ հարթության հարց է եւ պետք է մի փոքր այլ ընթացակարգերով որոշվի, չնայած նաեւ մեծ հաշվով, զուտ պետական բյուջեի հնարավոր ծախսերի առումով նաեւ հնարավոր է, որ այս աջակցությունը ինչ-որ ձեւով նաեւ հետագայում հաշվառվի այդ հնարավոր փոխհատուցման հաշվարկի տրամաբանության մեջ»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ այդմ, Կառավարությունը սահմանել է աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցության տրամադրման համար դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը և այդ դիմումի քննարկման կարգը: Նախագծով հետապնդվող նպատակն օրենքով նախատեսված աջակցության տրամադրման գործընթացի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգային կանոնակարգումների ներդրումն է:
Մասնավորապես, առաջարկվում են ներքոշարադրյալ կարգավորումները.
- սահմանվում է, որ տրամադրվող աջակցության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով,
- որպես աջակցության տրամադրման համար դիմումը քննարկող լիազոր մարմին՝ նախատեսվում է ՀՀ արդարադատության նախարարությունը,
- ամրագրվում է, որ ստացված բոլոր փաստաթղթերի համադրման և գնահատման արդյունքում պարզված հանգամանքների հաշվառմամբ՝ լիազոր մարմինը կայացնում է հետևյալ պատճառաբանված որոշումներից մեկը՝ բավարարել դիմումը և տրամադրել աջակցություն կամ մերժել դիմումը կամ կասեցնել դիմումի քննարկումը: Ընդորում՝ շեշտվում է, որ դիմումը մերժվում է, եթե չի հաստատվում դիմումատուի՝ աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը,
- որպես աջակցության ձև՝ սահմանվում է դրամական օգնությունը՝ հետևյալ չափերով. . ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30.000.000 ՀՀ դրամ,
. առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15.000.000 ՀՀ դրամ, . առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5.000.000 ՀՀ դրամ:
Նմանատիպ հոդվածներ
Ազատման դիմումներ ԱԻՆ-ում. մանրամասնում է նախարարը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցներից ոմանք ազատման...
Ստամբուլյան կոնվենցիա․ պետությունները ստիպված չեն փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները. ԱՆ
Արդարադատության նախարարությունը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին»...
ՀՀԿ-ում խուճապային իրավիճակ է, փաստաթուղթը գաղտնազերծելը կարող է այլ խնդիրներ առաջացնել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՀՀԿ-ում խուճապային իրավիճակ է ՀՀ վարչապետ Նիկ...
Կառավարությունը բարձրացրեց պարտադիր զինծառայողներին հատկացվող ամսական գումարը
Կառավարության որոշմամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջակա...