Ստեփանավանի թունավորված ձկների հարցով զբաղվում է ԱԱԾ–ն. «Փաստ»
«Փաստ» թերթի տեղեկություններով` Ստեփանավանում օրեր առաջ հայտնաբերված մեծ քանակությամբ սատկած ձկների փաստով ԱԱԾ–ն լուրջ ստուգումներ ու խստացված հերթապահություն է իրականացնում տարածքում` իրավիճակը վերահսկելու ու պատճառները բացահայտելու համար։
«Այս օրերին գետի ողջ երկայնքով բավականին խիստ հսկողական աշխատանքներ են կատարվում, որպեսզի բացառվի ձկնագողության յուրաքանչյուր դեպք։ Ըստ տեղում պտտվող լուրերի` կան նաև բերման ենթարկվածներ»,– հայտնում է թերթը։
Հիշեցնենք` հուլիսի 17-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքով հոսող Չքնաղ գետում տեղացիները մեծ քանակությամբ սատկած ձկներ էին հայտնաբերել։ Նրանց համոզմամբ` պատճառը Արմանիս գյուղում գործող ոսկու հանքից արտահոսող կեղտաջրերն են, որոնք լցվում են նախ Ձորագետ, այնտեղից էլ Ձորագետի վտակ Չքնաղ գետը։
ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ տարածքային տեսուչն այցելել է դեպքի վայր, հայտնաբերված ձկներից նմուշառում կատարել` դրանք լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար։ Նրա խոսքով` լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն օրեր անց։