Նոր օրենսդրական նախագիծ՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնելու համար․ Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 2018թ. հատուկ ուշադրության է առել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների (ՃՏՀ) դեպքերի աճման անհանգստացնող վիճակը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ Գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ուսումնասիրության և վերլուծության է ենթարկվել 2016-2018թթ. ընկած ժամանակահատվածում  ՃՏՀ դեպքերի դինամիկան, ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով քննված քրեական գործերով նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակը, այս բնույթի հանցագործությունները ծնող պատճառների ու պայմանների հիմնական օրինաչափությունները, ՃՏՀ-ների կանխարգելման միջոցառումների լիարժեքությունն ու պատժողական քաղաքականության արդյունավետությունը:

 

Ուսումնասիրությամբ արձանագրվել է ՃՏՀ-ների դեպքերի անհանգստացնող արագությամբ աճման միտում: Մասնավորապես՝ եթե 2016 թվականի ընթացքում, հաշվառման է վերցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործության 700 դեպք, 2017թ. ընթացքում՝ 972 դեպք, ապա 2018թ. արդեն՝ 1283: Այսինքն միայն 2017-2018թթ կտրվածքով ՃՏՀ արձանագրված դեպքերն ավելացել են 32%-ով: 2019թ. առաջին վեց ամիսների ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է 685 նման դեպք, որը 133-ով կամ 24.1 տոկոսով ավելի է 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ընդ որում՝ 2017թ. համեմատությամբ 2018թ. 44-ով կամ 25%-ով /176-220/ աճել է մահվան ելքով դեպքերի թիվը: Իսկ 2019թ. առաջին կիսամյակին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մահվան ելքով դեպքերն ավելացել են 15-ով կամ 16%-ով (94-109):

 

Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների և պայմանների վերհանման արդյունքում պարզ է դարձել, որ դրանց զգալի մասի պատճառ կամ նպաստող պայման են հանդիսանում տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, սահմանված առավելագույն արագությունը գերազանցելը, ինչպես նաև տրանսպորտային միջոց վարելը այդ իրավունք չունեցող անձի կողմից: Նպաստող գործոններից է հանդիսանում նաև հանրապետությում հաշվառված ավտոմեքենաների՝ մի քանի տարի շարունակվող թվի ավելացումը և դրանով պայմանավորված երթևեկության ծանրաբեռնվածության մեծացումը:

 

ՃՏՀ դեպքերի աճի խնդիրը մի քանի անգամ՝ 2018թ. ապրիլի 15-ին դատախազության տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում անցկացված խորհրդակցության, այս տարեսկզբին մարզերի դատախազություններում ՀՀ գլխավոր դատախազի անցկացրած աշխատանքային հանդիպումների, ինչպես նաև դատախազության նախորդ տարվա գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստին դարձել է քննարկման առարկա՝ հատկապես նախականխիչ միջոցառումների ակտիվացման, ինչպես նաև քրեական քաղաքականության խստացման տեսանկյունից:

 

Դրանց ընթացքում գլխավոր դատախազի կողմից հանձնարավել է քարտեզագրել ՃՏՊ-ների համար առավել ռիսկային ճանապարհահատվածները և դատախազական ներգործության միջոցներով նպաստել այդ հատվածների՝ երևթևեկության նշաններով հագեցմանը, ավտոմեքենաների արագությունը սահմանափակելուն և վարորդների զգոնությունը բարձրացնելուն ուղղված միջոցների ձեռնարկմանը: Հաշվի առնելով երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովման խնդիրը, ինչպես նաև այս բնույթի հանցագործությունների հանրային վտանգավորության բարձր աստիճանը՝ խնդիր էր դրվել մեծ ուշադրություն դարձնել ՃՏՀ դեպքերով օպերատիվ-հետախուզական, քննչական անհետաձգելի գործողությունների պլանավորմանը դատախազների անմիջական մասնակցությանը, նրանց կողմից իրենց իրավասության շրջանակներում անհրաժեշտ ցուցումներով ապացուցման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը նպաստելուն:

 

Բացի վերոնշյալը, ՃՏՀ դեպքերի առթիվ քրեական գործերի քննության արդյունավետության, արագության բարձրացման, նշանակվող փորձաքննությունների առավել լիարժեք արդյունքների ստացման խնդիրները լուծելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի անմիջական նախաձեռությամբ ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոն ձեռք է բերել ժամանակակից համակարգչային նոր ծրագիր, որը հնարավորություն է տալիս ամբողջական և լիարժեք ելակետային տվյալների ներմուծմամբ վերլուծել և մոդելավորել  ճանապարհատրանսպորտային պատահարների մեխանիզմը և առավել սեղմ ժամկետներում ապահովել առավել ճշգրիտ եզրակացությունների ստացումը:

 

Հանձնարավել էր պատժի նշանակման ընդհանուր կանոնները, գործի հանգամանքներն ու ամբաստանյալի անձը հաշվի առնելով դատարաններում պատժաչափեր միջնորդելիս ուշադրություն դարձնել դատարանների կողմից համաչափ պատիժներ սահմանելուն իսկ այդպիսիք նշանակվելուց հետո հետևել պատիժների անշեղ կատարմանը:

 

Այս բնույթի դեպքերով քննվող քրեական գործերով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքերը քննարկելիս առանձնահատուկ անդրադառնալ ճանապարհային երթևեկության կանոնի խախտման բնույթին, վարորդների կողմից ալկոհոլի օգտագործման, կատարված առերևույթ հանցավոր արարքից հետո դեպքի վայրը լքելու հանգամանքներին:

 

Պայմանավորված ճանապարհատրանսպորտային հանցագործություններով պատժողական քաղաքականության խստացման անհրաժեշտությամբ, միջազգային փորձի ուսումնասիրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում մշակվել  է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով սահմանված սանկցիաների խստացմանը միտված օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը ներկայացվել է ՀՀ Արդարադատության նախարարությանը: Դրանով նախատեսվում է հիշյալ հոդվածում հանցագործությունների ծանրացնող հանգամանք դիտել դրա առավել լայն տարածում և առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող տեսակները՝ ՃՏՀ-ի կատարումը ալկոհոլ օգտագործած վիճակում, սահմանված արագությունը կրկնակի գերազանցելը կամ տրանսպորտային միջոցը  վարելու իրավունք չունեցող անձի կողմից վարելը:

 

Նախագծով առաջարկվում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայում նախատեսել ազատազրկման ստորին շեմ՝ հիշյալ հանցագործության համար որպես պատիժ սահմանելով երեքից հինգ տարի ժամկետով ազատազրկում: Վերջինս պայմանավորված է նրանով, որ ներկայիս իրավակարգավորումներով նման շեմ նախատեսված չլինելը լայն հայեցողություն է տալիս դատարանին, և շատ հաճախ կատարված հանցագործության հանրային վտանգավորությանը ոչ համաչափ պատժի նշանակման պատճառ հանդիսանում: Դա այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված հանցանքը պակաս հանրային վտանգավորություն չունի, քան մարդու դեմ ուղղված որոշ հանցագործություններ:

 

Օրենսդրական առաջարկվող փոփոխությունները կնպաստեն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններով համաչափ պատժողական քաղաքականության իրականացմանը, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերի կանխմանը, հասարակական կարգի, մարդու կյանքի ու առողջության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների պահպանմանը: