Կասկած ունեմ, որ Սևանի ափամերձ տարածքները մաքրելու համար դրամաշնորհները անխղճորեն փոշիացվել են. Զոհրաբյան
Սևանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ազգային ժողովում քննարկմանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ նկատել է, թե փորձ է արվում Սևանի հարցը շահարկել՝ տարբեր շահառուների իրավունքները պաշտպանելով կամ չպաշտպանելով:
«Բոլորս ընդունում ենք, որ Սևանը հիվանդ է, սա 1-2 տարվա անպատասխանատվության հետևանք չէ: Մեր բնապահպանները տարիներ շարունակ բարձրաձայնել են այդ խնդրի մասին, բայց ձայն բարբառո հանապատի: Որպես պատգամավոր՝ իրազեկ եմ եղել, թե ինչպես են տարիներ շարունակ Սևանը մաքրելու համար դրամաշնորհներ ստացվել, բայց ողջախոհ կասկածներ ունենալու իրավունք ունեմ՝ տեսնելով Սևանի այսօրվա իրավիճակը, որ այդ գումարները անխղճորեն փոշիացվել են», - ընդգծեց նա:
Գիտությունների ազգային ակադեմիային առընթեր Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանի կարծիքով՝ Սևանի այսօրվա վիճակի պատճառները մի քանիսն են:
Օրինակ՝ տարածաշրջանը կոյուղացված չէ, մասամբ կոյուղացված են տարածաշրջանի Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքները։
«Առաջին աստիճանի մաքրման կայաններ դրել ենք, բայց դրանք հիմա ավելի շատ աղտոտում են, քան մաքրում», - ասաց նա: Պարոն Ջավադյանի խոսքով՝ ժամանակին ծառերը կտրել են, կոճղերը մնացել են ջրի տակ։ Արդեն 10 հա տարածքում տեղադրել են մաքրման մեխանիզմներ, որտեղ միկրոբների մաքրում է կատարվում, և որևէ ծաղկում չի նկատվել։ Ըստ Ջավադյանի՝ երեք մաքրման կայաններ արդեն գործում են:
Հանձնաժողովը Շրջակա միջավայրի նախարարությանը առաջարկել է երկու տեսակի մաքրման կայաններ տեղադրել, որոնք բավական մատչելի են։