Ծառուկյանը լեզու է գտել հեռացած թիմակիցների հետ. նոր մանրամասներ ԲՀԿ-պատգամավորներ պատմությունից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` այսօր նախատեսված է, որ ԱԺ արտահերթ նիստին ներկա կգտնվեն ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Ղուկասյանն ու Տիգրան Ուրիխանյանը: Ըստ մեր տեղեկությունների` ԲՀԿ-ականները «հավաքվել» են ու փորձել են հասկանալ, թե ինչպես կարող են լուծել նշված երկու պատգամավորների հարցը, որոնք տեւական ժամանակ է` Աժ նիստերին չեն ներկայանում, քանի որ անձամբ տարաձայնություն ունեն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Ու ըստ մեր տեղեկությունների` Ծառուկյանը զիջման է գնացել ու «միջնորդներին» փոխանցել է, որ պատգամավորներին հորդորեն գալ խորհրդարան: 

 

Հիշեցնենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը մայիսի 31-ին ինքնաբուխ հարցազրույց էր տվել Armlur.am-ին ու հայտարարել, թե պետք է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի ազատության մեջ: Այդ հայտարարությունը վրդովել էր Գագիկ Ծառուկյանին, ու Վարդան Ղուկասյանին «տեղեկացրել» էին, որ միառժամանակ «չեւերա» խորհրդարանում, ինչից հետո Վ. Ղուկասյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե խորհրդարան չի գալիս, որովհետեւ վատառողջ է: 

 

Մոտ մեկ ամիս հետո Գագիկ Ծառուկյանը ներել է Ղուկասյանին, սակայն պատգամավորը շարունակում է պնդել իր դիրքորոշումը, ու անհասկանալի է, թե ինչ իրավիճակ կստեղծվի, եթե կրկին Ղուկասյանին հարց հնչի Քոչարյանի կալանավորման մասին: Իսկ ինչ վերաբերում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի` խորհրդարան չգալուն, ապա դա էլ ուղիղ կապված է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ, որին Ուրիխանյանն իր հեղինակային հաղորդմանը հյուր էր հրավիրել, ինչը Գ. Ծառուկյանին բարկացրել էր, եւ նա հորդորել էր փակել հաղորդումը, իսկ Ուրիխանյանին հայտնել, որ չեւերա իր աչքին: Պարզվում է` ԲՀԿ-ականների երկար բանակցություններից հետո որոշվել է երկու պատգամավորներին ներել, որպեսզի այսուհետ ներկայանան խորհրադարան: 

 

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս ամենի շուրջ զրուցեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ, որը հայտարարեց. «Ընդհանուր առմամբ ԲՀԿ խմբակցությունում որեւէ խնդիր չկա. Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ փոքր-ինչ վատառողջ է, եւ առավել քան վստահ եմ, որ կազդուրվելուն պես պարոն Ղուկասյանը կվերառանա խորհրդարանական աշխատանքներին: Իսկ ինչ վերաբերում է Տիգրան Ուրիխանյանի հետ կապված հարցին, տեղեկություն չունեմ, առիթ չի եղել խոսելու, եւ տեղեկացված եմ այնքանով, որ նա ժամանակ առ ժամանակ ֆեյսբուքյան իր գրառումներով անդրադառնում է այդ թեմային: Իսկ, ընդհանուր առմամբ, որեւէ տարաձայնություն ԲՀԿ-ում չկա»: 

 

Քաղաքականություն