Երեք դատական ատյաններ հաստատել են իմ պաշտպանյալի կողմից ՍԴ անդամի վրա ճնշում գործադրելու փաստով հիմնավոր կասկածի բացակայությունը. Արմեն Գևորգյանի փաստաբան
«Փաստինֆո»-ի թղթակցի հարցերին պատասխանել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
- Պարո՛ն Ալեքսանյան, այսօր մամուլում տեղեկություն կար, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում եղել են դատարանների վրա ճնշումներ գործադրելու դեպքերր։ Մասնավորապես նշվում էր Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի վրա ճնշում գործադրելու դեպքը 2008 թվականին, որը նկարագրված է Wikileaks-ի հրապարակումներից մեկում։ Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել այդ տեղեկությունը։ Այդ մասով նախաքննության սկզբում նաեւ Արմեն Գեւորգյանին էր մեղադրանք առաջադրվել։
- Մենք տեղյակ ենք fip.am կայքում այդ հրապարակման մասին։ Տարօրինակ է, որ այդ հրապարակման հեղինակները մոռացել կամ դիտավորյալ կերպով ուշադրություն չեն դարձրել երկու կարևոր հանգամանքի վրա։ Առաջին՝ Վալերի Պողոսյանն ինքը բազմիցս և հրապարակայնորեն հայտարարել է այն մասին, որ իր վրա ճնշում չի գործադրվել։ Այդ մասին նա պնդել է նաև նախաքննության ընթացքում տրված իր ցուցմունքներում։ Եվ երկրորդ, բոլոր երեք դատական ատյանները հաստատել են իմ պաշտպանյալի կողմից ՍԴ անդամի վրա ճնշում գործադրելու փաստի առնչությամբ հիմնավոր կասկածի բացակայությունը։
- Քանի որ կրկին անգամ հղում է արվում Wikileaks-ի գաղտնագրերի վրա, կցանկանայինք իմանալ, արդյո՞ք որևէ նոր բան պարզել եք նախաքննական մարմինների կողմից այդ հրապարակումների օգտագործման իրավաչափության վերաբերյալ։
-Արմեն Գևորգյանն ինքը վերջերս մեկնաբանել է նախաքննական մարմինների կողմից Wikileaks-ի հրապարակումների հիման վրա իրեն մեղադրանք առաջադրելու վերաբերյալ իրավիճակը։ Որևէ նոր բան, քան այն, որ հիշյալ հարցազրույցից հետո մենք պաշտոնապես դիմել ենք ԱՄՆ դեսպանությանը մեկնաբանություններ ու հնարավոր պարզաբանումներ ստանալու հարցով, դեռ տեղի չի ունեցել։ Մենք դիմել ենք հունիսի 5-ին, բայց մինչ այս պահը դեռ մեր նամակի պատասխանը չենք ստացել։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: