ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դու կյանքում պիտի մատ թափ տվող եղած լինես, որ մատ թափ տաս. Գեւորգ Պետրոսյանն՝ Ալեն Սիմոնյանին
ԱԺ-ն այն հարթակը չէ, որ Էդմոն Մարուքյանի գնահատականները հնչեցվեն բոլորովին այլ օրակարգերի ժամանակ: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նախօրեին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում արված հայտարարությանը եւ դրա այսօրվա արձագանքներին: Մասնավորապես, Մարուքյանը խոսելով Գյումրիում ռուսական չվերթների թվաքանակի ավելացման անհրաժեշտության մասին Քաղավիացիայի պետ Տաթեւիկ Ռեւազյանին անվանել էր «սիրուն աղջիկ» իսկ կառավարությանը՝ «փայլուն կառավարություն»: Սա բուռն բանավեճերի առիթ էր դարձել ԱԺ-ում:
«Մենք քննարկում ենք օրենք, ու հանկարծ վեր են կենում ու սկսում են խոսել Էդմոն Մարուքյանի արտահայտություններից: Ամեն մեկս էլ օրվա մեջ տարբեր արտահայտություններ ենք անում: Եթե կենցաղային մեր արտահայտությունները բերեն ստեղ հնչեցնեն, ժողովուրդը մեզ դրա համա՞ր է ընտրել, որ այստեղ անձնական հարցեր լուծենք:
Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե եթե էստեղ մարդիկ հեգնում են, իրենք այնքան կհեգնեն, որ պակաս չի թվա, Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ դա իր համար այնքան աննշան դրսեւորում է, որ ինչ-որ մեկը մատ է թափ տալիս. «Մատ թափ տալը էդտեղից չպետք է լինի: Դու կյանքում պետք է մատ թափ տվող եղած լինես, որ էստեղից մատ թափ տաս: Բայց այստեղ մատ թափ տալու տեղ չի, անգամ եթե դու այնպիսի անցյալ ունես, որը քեզ թույլ է տալիս»:
Կրկին հիշատակելով Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Էս երկրի ամենամեծ հարցն այն է, թե ասենք, Մարուքյան Էդմոնն ինչ է ասել ինչ-որ մի ենթադրյալ կամ իրական գեղեցկուհու մասի՞ն: Սա՞ է մեր հարցը»:
Նա հեգնանքով հավելեց. «Մենք հո չե՞նք մոռացել, որ տնտեսական հեղափոխությունը թակել է մեր դուռը, հո չե՞նք մոռացել, որ ներդրողները հերթ են կանգնել դռան հետեւը»:
Գեւորգ Պետրոսյանը չցանկացավ մեկնաբանել Էդմոն Մարուքյանի հայտարարության բովանդակությունը. «Ես Էդմոն Մարուքյանին հարգում եմ, բայց ես իր մեկնիչը չեմ»: