«Իրատես». Պատգամավորները նույնիսկ Փաշինյանին չեն հարգում

«Իրատես» թերթը գրում է. «Տարիներ անց, երբ ինձ հարցնեն՝ ի՞նչն էր պատճառը, որ «տապալվեց» Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, լակոնիկ կպատասխանեմ՝ Facebook-ը: Մեկ անգամ չէ, որ գրել եմ նոր իշխանությունների՝ սոցիալական ցանցերից կախված լինելու մասին: Այսօրվա պես հիշում եմ, որ կայքերից մեկը լուսանկարել էր այն ժամանակ նախագահի կողմից վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանի՝ թղթի վրա արված գծանշումներն ու հրապարակել, ինչը համացանցում դժգոհության մեծ ալիք էր բարձրացել, թե վարչապետը երկրի թիվ մեկ դահլիճում այլ բանով է զբաղված: Քննադատության էին արժանանում նաեւ առցանց խաղ խաղացող, այսպես ասած «շարիկ գլորող» պատգամավորները:

 

 

Այս գումարման խորհրդարանում պատգամավորները ոչ թե խաղ են խաղում, այլ «Facebook անում», ու նրանց նույնպես բնավ չի կաշկանդում այն հանգամանքը, որ այդ ամենը կարող են նկատել, տեսանկարահանել ու հանրայնացնել վերեւում գտնվող լրագրողները:

Չնայած այդ դեպքում էլ, երեւի, կարդարանան, թե «մութ ուժերին պատկանող լրատվամիջոցները փորձում են սեւացնել մեզ»: Առավել քան տարօրինակ է, երբ երեւույթը դրսեւորվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթների ժամանակ:

 

 

Կառավարություն-Ազգային ժողով օրերս տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասին չէր հուզում՝ ինչ հարցի է պատասխանում վարչապետը: Գլուխները կախած հեռախոսների մեջ՝ երեւի մտքում հաշվում էին, թե երբ է գալու վերջին պատգամավորի հարց տալու ժամը, որ հոգիներն ազատվի ու «գնան իրենց գործերով»:

 

 

Իսկ հասարակությունը բոլորովին այլ որակի խորհրդարան էր ակնկալում, որտեղ բոլորը լծված էին լինելու երկիրը շենացնելու գործին, գլուխները կախ աշխատելու էին օրենսդրական փաթեթների վրա, փորձելու էին պատասխանել քաղաքացիների բոլոր դիմումներին... Բանախոսների խոսքն արհամարհելու եւ Facebook-ով տարվելու արատավոր պրակտիկան շարունակվում է նաեւ այսօր ու գնալով «կատարելագործվելու» է։

 

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Քաղաքականություն