Առաջարկվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել՝ հասցնելով 68 հազար դրամի
ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության իրականացրած հետազոտությամբ առաջարկվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 13000 դրամով՝ ներկայիս 55500 դրամից հասցնելով 68000 դրամի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:
Անդրադառնալով ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծին, որով բացասական եզրակացություն է տրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Վարազդատ Կարապետյանի՝ նվազագույն աշխատավարձը մինչև 63000 դրամ բարձրացնելու առաջարկին Գասպարյանը գրել է.
«Մեր Բաբկենը մի նկար է կիսվել, որը տալիս է սխալ եզրակացություն անելու հնարավորություն, վստահ եմ վատ կոմունիկացիայի հետևանք է, հիմա դնեմ նախարարության կողմից իրականացված մի հետազոտության եզրակացության մի մասը, որտեղ մենք առաջարկում ենք մինիմալ աշխատավարձը բարձրացնել 68,000 դրամ Բաբկենենց առաջարկած 63,000-ի փոխարեն․ այս խնդիրը մեր օրակարգում է:
Իհարկե այս նկարը ավելի քիչ կտարածվի»: