Պարոն Պետրոսյանը այնքան է կրկնել, որ դեմ է իմ թեկնածությանը, որ տպավորություն է, թե կողմ է. Վահե Գրիգորյան
Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթում Սահմանադրական դատարանի անդամ առաջադրված Վահե Գրիգորյանն անդրադարձավ այն քննադատությանը, որ իր հասցեին հնչեցրել էր ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Պարոն Պետրոսյանը այնքան է կրկնել, որ դեմ է իմ թեկնածությանը, որ ինձ մոտ տպավորություն կա, որ ինքը ինչ-որ իմաստով կողմ է, բայց փորձում է իրեն համոզել, որ ինչ-որ բանով դեմ լինի … Բայց ես համոզված եմ, որ նա պիտի դեմ քվեարկի ինձ, որովհետև դա իր իրավունքը չէ, դա արդեն իր պարտականությունն է։ Ես արդեն չեմ պատկերացնում՝ ինքը ոնց է ինձ կողմ քվեարկելու»,- ժպտալով ասաց Գրիգորյանը։
Պետրոսյանի քննադատությունը թերևս ամենադիտարժանն էր, ինչի մասին խոսեցին նաև նրա կուսակից Արման Աբովյանն ու հակադրվող Ալեն Սիմոնյանը։ Վերջինս մասնավորապես զարմանք էր հայտնել այն մտքի վերաբերյալ, որ իշխանական խմբակցության կողմից դրական վերաբերմունքի է արժանացել ՍԴ անդամի պաշտոնին հավակնող այն թեկնածուն, որ մտերիմ է այդ խմբակցության անդամների հետ։
«Բա ո՞ւմ թեկնածուն պետք է լիներ։ Մենք վստահության քվե ենք ստացել, որը պատասխանատվություն է նաև, այսինքն` այդ պատասխանատվությունը մենք վերցնում ենք նախ և առաջ մեզ վրա»,- ասել էր Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քվեարկության արդյունքում Վահե Գրիգորյանն ընտրվեց որպես Սահմանադրական դատարանի անդամ՝ ներկայացված նախագահի կողմից՝ նրա սահմանադրական իրավասությունների շրջանակում: