![Մենք կոշտ դիրքորոշում ունենք մեր երկրի ներքին գործերին միջամտելու հետ կապված․ Ա․ Միրզոյանը՝ ՌԴ դեսպանի՝ ԱԳՆ հրավիրվելու մասին](https://auroranews.am/storage/img/base_image/old/0b71d9221b5572086a600cd12e88ff1d.webp)
Մենք կոշտ դիրքորոշում ունենք մեր երկրի ներքին գործերին միջամտելու հետ կապված․ Ա․ Միրզոյանը՝ ՌԴ դեսպանի՝ ԱԳՆ հրավիրվելու մասին
![Մենք կոշտ դիրքորոշում ունենք մեր երկրի ներքին գործերին միջամտելու հետ կապված․ Ա․ Միրզոյանը՝ ՌԴ դեսպանի՝ ԱԳՆ հրավիրվելու մասին](https://auroranews.am/storage/img/base_image/old/0b71d9221b5572086a600cd12e88ff1d.webp)
Մենք կոշտ դիրքորոշում ունենք աշխարհի բոլոր երկրների կողմից մեր երկրի ներքին գործերին միջամտելու փորձի տեսական հնարավորություն դիտարկելու հետ կապված: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՌԴ դեսպանին ԱԳՆ հրավիրելու հանգամանքին: Միևնույն ժամանակ նա նշեց, որ ինքն այդ հանդիպումից այլ մանրամասների չի տիրապետում։
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ ՌԴ դեսպանը հանդիպում էր ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
«Նախկինում նման այլ զրույցներ, կարծես, չեն եղել: Ինքս էլ ՌԴ դեսպանի հետ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, բազմաթիվ հարցեր քննարկել, խոսել այդ թվում՝ փոխադարձ ինքնիշխանությունը հարգելու մասին»,- շարունակեց նա:
Դիտարկմանը, թե դրանք կարծես արդյունք չեն տվել, Արարատ Միրզոյանն արձագանքեց՝ ասելով, թե համակարծիք չէ այս տեսակետի հետ։ Նա հավելեց, որ անձամբ ողջունում է այն, որ ԱԳՆ են հրավիրել, բայց հորդորեց հեռուն գնացող հետևություններ չանել:
«Խոսքը ոչ թե նրա մասին է, որ որևէ երկրի դեսպան չպետք է հանդիպի ՀՀ քաղաքական ներկապնակի որևէ առանձին ներկայացուցչի հետ, ո՛չ, քավ լիցի, ամենևին, բոլորը բոլորին կարող են հանդիպել, խոսքն այն մասին է, որ հանդիպում է մի մարդու, որին շատ լուրջ մեղադրանք է առաջադրված: Կա դատական գործընթաց, որի շրջանակներում որևէ այսպիսի հանդիպում, ակնարկ կարող է դիտվել որպես միջամտություն: Ոչ թե դասական քաղաքական գործչի մասին ենք խոսում, այլ մի քիչ այլ, քան դասական քաղաքական գործիչ է, որովհետև շատ լուրջ մեղադրանք կա»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը։