Դատավորներն ընկերներ չեն ունենում այլևս. Վահե Գրիգորյանը` իշխանական թևում իր ընկերների հետ հարաբերությունների մասին
Ազգային ժողովում ընթանում է Վահե Գրիգորյանին Սահմանադրական դատարանի անդամ ընտրելու վերաբերյալ հարցի քննարկումը։ «Իմ քայլից» պատգամավոր Տաթևիկ Գրիգորյանը հարց ուղղեց ՍԴ դատավորի թեկնածուհին, թե ինքն արդյոք զգո՞ւմ է արժեհամակարգային լուրջ տարբերություն այն իրավիճակի հետ, որն այսօր առկա է Սահմանադրական դատարանում և ինչպես է պատկերացնում իր առաջին քայլերն այդ բարդ իրավիճակում։
«Տարբերություն, իհարկե, կա՝ տարբեր սերունդների մարդիկ են այնտեղ, և ես կարծում եմ՝ ինչքան էլ մեծ լինի տարբերությունը, ես էս դահլիճում չեմ ցանկանա անպատասխան քննադատություն հնչեցնել դատարանի հասցեին, և ինչքան էլ, որ մեծ է մեր տարբերությունը, ես կարծում եմ, որ էնտեղ լուծելու խնդիրներ կան, և դատարանի այն մոդելը, որ ես ներկայացրի, կարծում եմ, որ շատ մոտ ապագայում իրականություն է դառնալու»,- ասաց Վահե Գրիգորյանը։
«Իմ քայլի» պատգամավորն այնուհետև խնդրեց Վահե Գրիգորյանին վերահաստատել՝ «Պլատոնը իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» արտահայտությունը՝ նկատի ունենալով, որ Գրիգորյանն ունի ընկերական հարաբերություններ «Իմ քայլի» որոշ պատգամավորների հետ։
Վահե Գրիգորյանը չժխտեց, որ ինքը ընկերներ ունի «Իմ քայլում», ընկերներ ունի նաև տարբեր թիմերում։ «Անկախ նրանից՝ նրանք իմ ընկերներն են, իմ ընկերները չեն, դատավոր երդում տալու պահից, երբ որ ես դառնամ դատավոր, դատավորներն ընկերներ չեն ունենում այլևս»,-ասաց նա։