Թունավորում ռեստորանում հարսանիքից հետո․ քաղաքացիների ահազանգը
Ֆեյսբուքյան օգտատեր Հերմինե Ղազարյանը հրապարակել է հիվանդանոցի իր լուսանկարն ու կից գրել White Hall by Tsirani ռեստորանում տեղի ունեցածի մասին. «Բացի նրանից, որ սնունդը համով չէր, ճանճերը խմիչքիդ ու ուտելիքիդ մեջ են, մի հատ էլ սննդային ինֆեկցիայի պատճառով գիշերը անգիտակից հայտնվում ես ինֆեկցիոն բաժնում: Ու նույն վիճակում քո հետ են մոտ 300 հոգի»,- գրել է նա:
Aurora News-ին հայտնի դարձավ, որ խնջույքը տեղի է ունեցել հունիսի 8-ին Ծիրանի ռեստորանում։
«Ամսի 8-ին հարսանիքի եմ մասնակցել նշված ռեստորանում։ Հաջորդ օրը երեկոյան վիճակս կտրուկ վատացավ՝ սրտխառնոց, ջերմություն, փորլուծություն։ Սկզբում մտածեցի, թե պարզապես մրսել եմ, հետո խոսելով հարսանիքին մասնակցած ծանոթներիս հետ, տեղեկացա, որ նրանց մոտ վիճակն ավելի վատ է»,- մեզ հետ զրույցում նշեց խնջույքի մասնակիցներից մեկը։
Քաղաքացին ասաց, որ ռեստորանում միայն «Կեսար» տեսակի աղցան, խորոված և պանիր է կերել։ «Երբ գնացի հիվանդանոց ստուգվելու նպատակով, միանգամից հարցրին, թե ռեստորանի որ սրահում եմ եղել խնջույքի, պարզվեց, որ տեղյակ են խնդրից»,- նշեց քաղաքացին։
Aurora News-ը կապ հաստատեց Ծիրանի ռեստորանի ներկայացուցչի հետ, վերջինս նշեց, որ ավելի ուշ կապ կհաստատեն մեզ հետ։