«Մազդայի» ավտոսրահը «քցել» է 14 քաղաքացու․ Hraparak.am

Hraparak.am-ը գրում է․ «Հայաստանում ճապոնական «Մազդա» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Թոփ մոթորս» ընկերությունը տարիներ առաջ մի մախինացիա է իրականացրել, որի հետեւանքով տուժել են ավելի քան մեկ տասնյակ քաղաքացիներ։ Ընկերությունը մոտ 10 տարի առաջ «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ է վաճառել՝ փոխված տարեթվով։ Օրինակ՝ 2008 թվականի «Մազդան» վաճառել է որպես 2010 թվականի թողարկման։ Ու դա բացահայտվել է տարիներ անց, երբ գնորդները որոշել են հետագայում վաճառել մեքենան, եւ առքուվաճառքի ձեւակերպումների ժամանակ պարզվել է, որ արտադրման տարեթիվը կեղծված է։ Կեղծման նպատակը եղել է խաբեությամբ ավել գումար աշխատելը։ Բնականաբար, նոր մեքենան ավելի թանկ արժե, քան հինը։ Ուստի ընկերությունը ներմուծել է չօգտագործված, բայց տարեթվով ավելի հին մեքենաներ, դրանք մաքսազերծել նոր տարեթվով եւ վաճառել նորի անվան տակ։

 

Այստեղ գործել է մի ամբողջ հանցավոր սխեմա, որում ավտոսրահի աշխատակիցներից զատ՝ ներգրավված են եղել նաեւ մաքսայինի ու ոստիկանության աշխատակիցներ, որոնք աչք են փակել մեքենայի VIN կոդի տվյալների վրա։ Մեքենայի արտադրման տարեթվի եւ մյուս բոլոր տեխնիկական տվյալների մասին ինֆորմացիան պարունակվում է ավտոմեքենայի անհատական VIN կոդում, որը հավաքելիս հատուկ բազայում երեւում է, թե ինչ մեքենա է, որ թվականի արտադրության, ինչ գույնի, ինչ տեսակի շարժիչով, փոխանցման տուփով եւ այլն։ Ավտոմեքենայի տարեթվի մասին կարելի է տեղեկանալ նաեւ մեքենայի արտաքին տեսքից, ինչպես նաեւ ամրագոտիների կողքերին փակցված պիտակից, որում նշված է թողարկման տարեթիվը։ «Մազդայի» հայաստանյան ներկայացուցչությունում ավտոմեքենաներից կտրել-հեռացրել են թողարկման տարեթվի վերաբերյալ բոլոր պիտակները, որոշ դեպքերում նաեւ կառուցվածքային փոփոխություններ են արել, օրինակ՝ փոխել են բամպերները։

 

Ավտոմեքենաները 2-3 տարին մեկ անցնում են վերաոճավորում՝ ռեսթայլինգ, որի արդյունքում մեքենայի թափքի վրա որոշ դետալներ ենթարկվում են ոճական փոփոխությունների, օրինակ՝ բամպերները, լուսարձակները, ռադիատորի քողարկիչը, հայելիները։ Ու քանի որ ընկերությունը որոշել էր 2 տարվա մեքենաները վաճառել բոլորովին նորի անվան տակ, ուստի այն մեքենաների դեպքում,  որոնք այդ տարիներին հասցրել են անցնել ռեսթայլինգ, «Թոփ մոթորս»-ում որոշել են հին «Մազդաների» արտաքին որոշ դետալները փոխարինել նորով, որ իմացողը չնկատի դրա հին լինելը։ Արդյունքում, օրինակ, 24-25 հազար դոլար շուկայական արժեքով ավտոմեքենան ընկերությունը վաճառել է 30-32 հազար դոլարով՝ մարդկանց պատճառելով էական նյութական վնաս։ Ու հաշվի առնելով այն, որ շատերը մեքենաները ձեռք են բերել վարկային միջոցներով, հետեւաբար, իրենք ավել գումար վճարելուց զատ նաեւ ավել գումարի չափով տոկոս են վճարել այս տարիներին։

 

Տարիներ անց, երբ տվյալ մեքենաները գնած անձինք որոշել են վաճառել իրենց մեքենաները, ՃՈ աշխատակիցները VIN կոդով պարզել են, որ մեքենայի թողարկման տարեթիվն այլ է։ Այս նույնը կարող էին պարզել, բնականաբար, նաեւ այն ժամանակ, երբ այս մեքենաները ներմուծվում ու գրանցվում էին, բայց այն ժամանակ, ինչպես հասկանում ենք, «Մազդայի» հայաստանյան ներկայացուցչությունը պայմանավորվածություն է ունեցել մաքսավորների ու ոստիկանների հետ։ Սակայն պայմանավորվածությունները հավերժ չեն գործում, պետական ծառայողներն էլ միշտ նույն մարդիկ չեն։

 

«Մազդայի» սրահից մեքենա գնած ու այս խարդախության հետեւանքով էապես տուժած քաղաքացիներից Վիոլետա Գրիգորյանը մեզ պատմեց, որ երբ մեքենան վաճառելիս ՃՈ-ում հայտնաբերել են տարեթվի փոխված լինելու փաստը (2008-ի փոխարեն 2010 է նշված եղել), զանգահարել են սրահի տնօրեն Միսակ Սարգսյանին, որ նա պարզաբանի իրավիճակը։ Նրանից պահանջել են  պաշտոնական փաստաթուղթ ներկայացնել, որ տվյալ մեքենան հենց 2010 թվականի արտադրության է։ Սարգսյանը, սակայն, ներկայացրել է ընդամենը մաքսազերծման վերաբերյալ տեղեկանք՝ 2010 թվականով։ Իսկ թողարկման տարեթվի վերաբերյալ պաշտոնական գրություն չեն ստացել։ Գնացել են սրահ՝ Միսակ Սարգսյանի մոտ, բայց, ինչպես նկարագրեց մեր զրուցակիցը, Սարգսյանը, որն այդ ժամանակ վայելում էր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հովանավորչությունը, բազկաթոռին փռված՝ ինքնագոհ ու թքած ունեցող վերաբերմունքով հասկացրել է, թե «ինչ ուզում եք, արեք, ոչինչ էլ չի փոխվի»։

Գործը հասել է իրավապահներին։ Հարուցվել է քրեական գործ»։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։