«Հրապարակ». 2 անգամ նույն դասարանում մնացածը գյուղապետի թեկնածու
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 9-ին՝ առաջիկա կիրակի, Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում գյուղապետի ընտրություններ են: Գյուղացիներն ընտրություն պիտի կատարեն գործող գյուղապետի ու ՔՊ-ական, բայց իբրև անկուսակցական առաջադրված Սայադ Ալմաստյանի միջև: Իսկապես անքննելի են հեղափոխականների գործերն ու իդեաները. տարիներ շարունակ շմայսներից բողոքող Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն գյուղապետի թեկնածու է առաջադրել մեկին, ով ստացել է ընդամենը 8-ամյա կրթություն, իսկ այդ ընթացքում հասցրել է երկու անգամ մնալ նույն դասարանում:
Գյուղացիները պատմում են, որ Սայադ Ալմաստյանին ՔՊ-ում տեսել ու գնահատել են ոչ թե գիտելիքների, այլ այն բանի համար, որ անցյալ տարի, հեղափոխության օրերին, հարևան գյուղում մասնակցել է փողոցները փակելու ակցիային և այդ մասին, հեղափոխության հաղթանակից հետո, «հերոսաբար» լուսանկար տեղադրել Ֆեյսբուքի իր էջում: Գյուղացիների հարցին, թե արդյոք իր կրթությունը բավարարո՞ւմ է` համայնք ղեկավարելու համար, Սայադ Ալմաստյանն ինքնավստահ պատասխանում է․ «Լիքը պարապ գրագետ իսան կա, դրանց կբերեմ ավագանի, օր ընձի խորհուրդ տան, կարևորը ես եմ հեղափոխության վախտ ճամփա փակե»:
Ահա նման հեղափոխական բարքեր. 8-ամյա կրթություն ստացած ու էդ ընթացքում երկու տարի նույն դասարանում մնացած հեղափոխական Սայադը հավակնում է դառնալ «գյուղի ռևիզոր»` անգամ չհասկանալով, որ ավագանին ընտրվում է գյուղացիների կողմից, ոչ թե գյուղապետն է նրանց նշանակում: Թե որտեղից են ՔՊ-ում գտնում թանգարանային նման էքսպոնատների, դժվար է ասել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում