Էկոնոմիկայի փոխնախարարի կինը 225 հազար դոլարանոց բնակարան է գնել
ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ փոխնախարար Արտակ Քամալյանը, որը մինչ կառավարության կառուցվածքային փոփոխությունները, գյուղատնտեսության նախարարի տեղակալն էր, բավականին ապահովված է: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` անցած տարեվերջին երկու ընկերություններում ունի 119 հազար դոլարի չափով բաժնետոմս: Նրա դրամական միջոցները կազմում են 198 հազար դրամ, 2 ֆունտ ստեռլինգ, 46 հազար 500 շվեցարական ֆրանկ, 112 հազար եվրո եւ 187 հազար դոլար, գրում է ArmLur. am-ը:
Որպես եկամուտ Քամալյանը հայտարարագրել է երեք վայրից ստացած աշխատավարձը, որը անցած տարվա ընթացքում կազմել է մոտ 2 մլն դրամ, 365 հազար ռուսական ռուբլի: Բացի այս, նա նախորդ տարվա ընթացքում ՙայլ եկամուտ՚ է ունեցել`828 հազար ռուբլիի չափով: Իսկ ահա պաշտոնը ստանձնելու հայտարարագրից պարզ է դառնում, որ Քամալյանն ունի երկու բնակարան, երկու հատ ավտոմեքենա`ՙAudi Q5՚, ՙAudi Q7՚ մակնիշի ավտոմեքենա:
Նրա կինը`Օլգա Խոդունովան նախորդ տարվա ընթացքում 225 հազար դոլարով բնակարան է գնել, միաժամանակ 3.1 մլն ռուբլիով մեկ այլ բնակարան վաճառել: Փոխնախարարի տիկնոջ դրամական միջոցները կազմում են 114 հազար դրամ, 18 հազար 500 եվրո, 112 հազար դոլար: Նրա եկամուտը սեփական աշխատավարձն է եղել, որը կազմել է 650 հազար ռուսական ռուբլի: