ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լուսային էֆեկտներով շատրվաններ.նորաբաց այգի Երևանի կենտրոնում
Լուսային էֆեկտներով շատրվաններ, խաղահրապարակներ՝ Երեւանի սրտում. բացվեց «Մալիբու» սրճարանին հարակից զբոսայգին (ֆոտո) 20:16, 01.06.2019 Տարածաշրջան:Հայաստան Թեմա: Հասարակություն 6500 քմ կանաչապատ տարածք, լուսային էֆեկտներով շատրվանների ինքնատիպ կոմպոզիցիա, ժամանակակից մանկական խաղահրապարակներ եւ զբոսանքի գոտիներ. այսօր՝ հուլիսի 1-ին, մայրաքաղաքի գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածում գտնվող զբոսայգին («Մալիբու» սրճարանին հարակից) տոնական էր եւ բազմամարդ։ Վերակառուցման լայնածավալ աշխատանքների ավարտից հետո կայացավ զբոսայգու պաշտոնական բացումը։ Օրը պատահական չէր ընտրված՝ զբոսայգին «Տաշիր» ընկերությունների խմբի նվերն էր երեխաներին (ֆոտոռեպորտաժ)։ Զբոսայգու բացման արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երեւանի ավագանու անդամներ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը, ինչպես նաեւ քաղաքի բնակիչներ, հյուրեր: Հայկ Մարությանը, այգում շրջելուց հետո, նշեց՝ առաջին անգամ չէ այգում, իսկ համագործակցությունը ի շահ Երեւանի շարունակական է լինելու. «Սա պետություն–մասնավոր համագործակցության շատ լավ օրինակ է, եւ այն դեռ չի ավարտվել, բավական աշխատանքներ կան դեռ առջեւում»։ Քաղաքապետը խոստացավ, որ վերջնարդյունքում երեւանցիները հնարավորություն կունենան Խանջյան փողոցից այգիների միջով հասնել մանկական երկաթուղի։ Նարեկ Կարապետյանն իր հերթին ուրախությամբ նշեց՝ այգին նախատեսված է երեխաների համար, ինչպես նաեւ երեխաների հետ զբոսնելու եւ ժամանակ անցկացնելու համար։ Նրա խոսքով՝ զբոսայգում նաեւ դասական երաժշտություն է հնչելու, սակայն շեշտում է՝ մինչեւ երեկոյան 11–ն է երաժշտությունը միացված լինելու, որպեսզի չխանգարեն երեւանցիներին։ «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահը հավելում է՝ վերակառուցվելու է նաեւ գետնանցումը։ Նարեկ Կարապետյանն ընդգծում է՝ այգու վերակառուցման ավարտական փուլում է որոշում կայացվել իրականացնել նաեւ գետնանցումի վերակառուցումը. «Անցման այն մակարդակը, որ կա, չէր կարող համատեղվել այն մակարդակի հետ, որ կա այգում։ Այգին թելադրեց, որ ներդրումային ծրագիրը շարունակվի եւ վերակառուցվի նաեւ գետնանցումը»։ Նա խոստանում է՝ կմտածեն հետաքրքիր ձեւաչափ, որպեսզի գետնանցումում իրենց հանգիստը կազմակերպեն նաեւ ձմռանը։ Բացման հանդիսավոր արարողության ընթացքում հյուրերին ներկայացվեց հագեցած ժամանցային ծրագիր: Զբոսայգու գլխավոր բեմահարթակից ելույթ ունեցան մանկական ստեղծագործական խմբեր: Խաղահրապարակում կազմակերպվել էր մանկական հեծանվային մրցավազք: Միջոցառումն ավարտվեց հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ տոնական համերգով եւ հրավառությամբ: «Նոր Երեւան» համալիրի ընդհանուր տարածքը, որը զբաղեցնում է 20 000 քմ, կանաչապատվել է: Զբոսայգում տնկվել են մոտ տասը հազար տնկիներ, այդ թվում՝ ծառեր, թփեր, ծաղիկներ եւ տարբեր տեսակի այլ բույսեր: Ամբողջ տարածքը հագեցած է տեսախցիկներով, ինչպես նաեւ լուսավորման ժամանակակից լուծումներով։ Զբոսայգու բարեկարգման գլխավոր շեշտադրումը եռաչափ պրոյեկցիայով ցայտող շատրվանների անսամբլն է, որը թույլ է տալիս ստեղծել պատկերներ եւ անցկացնել ջրալուսային էֆեկտներով շոուներ երաժշտական ուղեկցությամբ: Մայրաքաղաքում նմանը չունեցող այս շատրվանները բաղկացած են 600 ջրային շիթերից, որոնք ցայտում են մինչեւ 90 մետր բարձրությամբ եւ բարդ տեխնիկական շոուներ ու հնարքներ ստեղծելու հնարավորություն տալիս: Բացի այդ, այցելուների հարմարավետության համար համալիրի տարածքում բացվել են հանրային սննդի կետեր՝ սրճարան եւ ռեստորան: Սարյան-Մաշտոց հատվածում գտնվող նոր հանգստի գոտու բարեկարգման աշխատանքներն սկսվել են 2015 թվականին: Շինարարության նախաձեռնողը եւ հովանավորը «Տաշիր» բարեգործական հիմնադրամն է, որի հիմնադիր նախագահը Սամվել Կարապետյանն է: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 15 մլն ԱՄՆ դոլար։