Աղվան Հովսեփյանի որդին նոր ընկերություն ու անշարժ գույք է ձեռք բերել. Hetq. am
Նախկին գլխավոր դատախազ եւ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի միջնեկ որդին՝ Միսակ Հովսեփյանը, նոր ընկերություն է ձեռք բերել Չեխիայում: «Հետքը» նախկինում գրել է, որ Հայաստանում հէկերի բիզնեսում ներգրավված Մ. Հովսեփյանը 2010-ին Պրահայում հիմնել է «OMIRA» անունով ՍՊԸ:
Հիշեցնենք, որ հաճախ օտարերկրացիները, այդ թվում՝ մեր հայրենակիցները, Չեխիայում ձեւական ընկերություններ են հիմնում կամ ձեռք բերում՝ նպատակ ունենալով ոչ թե բիզնես գործունեություն ծավալել, այլ հեշտացնել այդ երկրում անշարժ գույք գնելու, քաղաքացիություն ձեռք բերելու կամ պարզապես երկարաժամկետ վիզա կամ էլ երկարաժամկետ կացության թույլտվություն ստանալու գործընթացները: Ֆիկտիվ ընկերությունների միջոցով սովորականից (օտարերկրացիները Չեխիայում կես տարվա մեջ կարող են մնալ առավելագույնը 90 օր) ավելի երկար մնալու արտասահմանցիների փորձերին քաջածանոթ են Չեխիայի ներքին գործերի նախարարությունում ու դեսպանատներում, որոնք սկսել են երկարաժամկետ վիզա կամ երկարաժամկետ կացության թույլտվություն խնդրող եւ իբր գործարարությամբ զբաղվող ավելի շատ մարդկանց մերժել:
Գրել ենք, որ չեխական ռեգիստրում Միսակ Հովսեփյանի «OMIRA» ընկերության վերաբերյալ որեւէ փաստաթուղթ 2013-ից այս կողմ չկա, բայց այն լուծարված էլ չէ: Դրա գործունեության ոլորտներ են նշված անշարժ գույքի վարձակալությունը, առեւտուրն ու ծառայությունների մատուցումը (ըստ չեխական ռեգիստրի տվյալների): Նախորդ հոդվածում հայտնել էինք նաեւ, որ «OMIRA»-ի կամ Մ. Հովսեփյանի անունով որեւէ անշարժ գույք գրանցված չէ:
Հովսեփյանի նոր ընկերությունն ինքը չի հիմնել: «TRANSFRUKT» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1991-ի մայիսի 23-ին Պրահայում: Գրանցել ու երկար ժամանակ ղեկավարել են տեղացիներ: Ընկերությունը նախկինում, ըստ չեխական ռեգիստրի, զբաղվել է տարբեր գործունեությամբ՝ մրգի ու բանջարեղենի մեծածախ ու մանրածախ ներկրում եւ արտահանում, ապրանքների վերավաճառք, միջնորդական գործունեություն առեւտրի եւ ծառայությունների ոլորտում, շարժական գույքի վարձակալություն, անշարժ գույքի գործակալության գործունեություն: Սակայն 2017-ից ի վեր ՍՊԸ-ն զբաղվում է միայն անշարժ գույքի, բնակելի եւ ոչ բնակելի տարածքների վարձակալությամբ, ինչպես նաեւ որոշ տեսակի առեւտրով ու ծառայությունների մատուցմամբ:
Ընկերության կանոնադրական կապիտալն ի սկզբանե եղել է 1,76 մլն կրոն, ապա դարձել 4,76 մլն, իսկ 1997-ից մինչ օրս 865 հազ. կրոն է, ինչը ներկա փոխարժեքով հավասար է 18 մլն դրամի: Երեւանցի Միսակ Հովսեփյանը «TRANSFRUKT»-ը ձեռք է բերել Պրահայի 5 բնակիչներից 2018-ի դեկտեմբերի 20-ին՝ դառնալով միակ սեփականատերն ու տնօրենը: Այս գործարքի փաստաթուղթը ռեգիստրում վերջինն է, այսինքն՝ նախկին դատախազի որդու ղեկավարման օրոք որեւէ բան չի ներկայացվել: